Մարդու իրավունքները Թուրքիայի համար չեն

ԱՇԽԱՐՀԻ ԱՉՔԵՐԸ ԲԱՑՎՈւՄ ԵՆ

Չկարողանալով սեփականը ստեղծել և արյան ծարավին չդիմանալով՝ մեր քոչվոր հարևան Թուրքիան նախ իր տարածքում սպանդ կազմակերպեց՝ 1.5 միլիոն հայ ոչնչացնելով: Աշխարհի հզորներից ոմանք էլ աջակցեցին վայրագին, ոմանք աչք ու ականջ ամուր գոցեցին, ոմանք էլ գաղտնի ծափահարեցին... 
Անցավ մեկ դար: Քոչվորներն այլոց տարածքներում հաստատվեցին,  փոքրամասնությունից մեծամասնության վերածվեցին, յուրացրին մեր դարավոր մշակույթը, այստեղ-այնտեղ  էլ  արևելքցու  խորամանկությամբ  չքմեղացան, թե իրենց անցյալը մաքուր է ու անարատ: 
 
Մոտ մեկ դար աշխարհը «կերավ» այդ սուտը, իսկ թուրք ելուզակների հետնորդները «ֆրակ» հագած Եվրոպա ու Արևմուտք մտան՝ մտածելով թե  իրենց դեմ խաղ չկա: Այստեղ-այնտեղ հաստատելով ու «գորշ գայլերի» խմբեր ստեղծելով՝ սկսեցին տեր ու տիրակալ զգալ: Ու ծեծուջարդի  մեջ մասնագիտացած՝ աշխարհին տիրելու իրենց մոլուցքը տեղափոխեցին այլ պետություններ: 
 
Ահա թե ինչու պատահականություն չի կարելի համարել այն, որ Թուրքիո գլխավոր ասկյար Էրդողանի թիկնապահներն ԱՄՆ-ի տարածքում հարձակվել էին  Էրդողանի դեմ ցույց անող փոքրամասնությունների դեմ ու ծեծել նրանց: Կարծում էին, թե դաշնակիցը, հանուն իրենց շահերի, սրա վրա էլ աչք կփակի: 
Գուցեև  չտեսնելու կտար, չէր հիշի այդ ամենի մասին, եթե չլիներ Սիրիայի խնդիրը, ահաբեկիչների ու Անկարայի դեմ պայքարող քրդերի գործոնը՝ որպես մահակ: Չմոռանանք՝ սեփական քաղաքացիների վրա ծեծուջարդը համացանցում հայտնվեց Էրդողանի հեռանալուց հետո:
 
Բայց քանի դեռ  քրդերի ու Սիրիայի դեմ պայքարի հարցում համաձայնություն Անկարան եւ Վաշինգտոը  ձեռք չեն բերել, ապա մարդու իրավունքների ու  սեփական քաղաքացիների շահերը, որպես  հաղթաթուղթ, կարելի է խաղարկել ու վաճառել հարմար գնով:  Վառ վկայությունը  Անկարայի դեմ բանաձեւն է, որը ներկայացրել են ԱՄՆ-ի երկու կոնգրեսականները: Նրանք առաջարկում են, որ  Թուրքիան անհապաղ կերպով վերացնի բոլոր այն անձանց դիվանագիտական անձեռնմխելիության իրավունքը, ովքեր միջադեպի ընթացքում վնասել են ԱՄՆ-ի քաղաքացիներին և իրավապահներին.
 
- Էրդողանի թիկնապահների գործողությունները հարձակում էին ոչ միայն ցուցարարների, այլև՝ ամերիկյան կարևորագույն արժեքների՝ խոսքի ազատության և բողոքն արտահայտելու իրավունքի դեմ: Մեր ցուցարարների վրա հարձակում գործած թուրք ավազակներին թույլ չենք տալու թաքնվել անձեռնմխելիության հետևում:
 
Թե ինչքան կշարունակվի  բարձրագույն արժեքների առևտուրը՝ կտեսնենք: Հայկական լոբբին, իհարկե, անում է ամեն ինչ: Պիտի  հասնել նրան, որ գոնե Էրդողանի թիկնապահները պատժվեն: Հակառակ դեպքում սա լավ  նախադեպ կստեղծի արյունով ճանապարհ հարթած պետության  համար, ու նման տեսարանների ականատես կլինենք այլ պետություններում ևս: Կարծում եք՝ պատահակա՞ն էր, որ Գերմանիան ընդունեց Հայոց ցեղասպանությունը:
 
Իհարկե, ոչ: Բեռլինը շատ լավ հասկացավ, թե իր երկրում մեծաքանակ թուրքերն ինչ  սպառնալիք են: Ու աստված մի արասցե, եթե Թուրքիան ինտեգրվի Եվրամիությանը: Թեպետ դրանից  հետո սրվեցին ու հարաբերությունները ու մինչ օրս էլ լեզու գտնել չի հաջողվում: Իհարկե, «Ինջիրլիք» ռազմաբազայի սկանդալն էլ կրակի վրա յուղ լցրեց:  Այս ամենից պետք է  կարողանանք ճիշտ օգտվել ու նպաստել Թուրքիայի մեկուսացմանը: Մեր տունն էլ  եթե  շենացնենք, ապա  Թուրքիան մեր տարածաշրջանում գործոն դիտարկողները կթեքվեն դեպի մեզ, անմիջապես կհիշեն մեր կորցրած տարածքների մասին ու դրանք ետ վերադարձնելու կոչեր կհնչեցնեն՝ այնպես, ինչպես թույլ տվեցին  դրանց յուրացումը: Ի վերջո՝ բոլորն արդեն առարկայորեն են պատկերացնում, թե ինչպիսի պատուհաս կարող է դառնալ սուլթանական Թուրքիան՝ աշխարհի ու իրենցից յուրաքանչյուրի համար: