Ո՞ւմ պատմությանն են առնչվում Գանձակ այցելողները

ԳՅՈՒՄՐԻՆ՝ ՀԱՐՈՒՍՏ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՆՑՅԱԼՈՎ ՔԱՂԱՔՆԵՐԻ ՏԱՍՆՅԱԿՈՒՄ

Այն, որ Հայաստանից միայն Գյումրին է այս ցանկում տեղ գտել, իհարկե՝ ո՛չ դրսում աշխատող շբոսաշրջային կազմակերպությունների, ո՛չ էլ, առավել ևս, վարկանիշային այս աղյուսակը կազմող գործակալության մեղքը չէ: Նրանք ընդամենը այցելությունների թվից ելնելով՝ վիճակագրություն են կազմել: Իսկ այն, ինչ Հայաստանը կարող է հնությունների սիրահարներին ներկայացնել, չի կարող անել ոչ մի այլ երկիր՝ ներառյալ հայկականի հաշվին սեփական փառքը տարփողող Ադրբեջանը: Ցավալին այն է, որ անգամ մեր երկրի ներսում դրանց վերաբերյալ շատ քչերը պատկերացում ունեն:  Իսկ ահա որքան էլ Քաթարի համար ծանր օրեր են, նրանց Gulf Times հանդեսում տպագրվել է մի հոդված, որտեղ Հայաստանը համարվում է «կատարյալ զբոսաշրջային ուղղություն»:
 
ԱՊՀ տարածքի պատմական քաղաքների տասնյակն առանձնացրել է «ՏուրՍտատ» վերլուծական գործակալությունը: Բնականաբար՝ ընտրվել են այն քաղաքները, որոնք զբոսաշրջիկներին գրավում են հարուստ պատմական անցյալով և մշակութային ժառանգությամբ: 
 
Այդ ցանկը հայ ընթերցողին պետք է որ շատ հետաքրքրի, և ոչ  միայն այն պատճառով, որ Գյումրին նույնպես ընդգրկվել է: Մյուս ինը քաղաքներն են՝ ղազախական Թուրքեստանը և Տարազը, ուզբեկական Սամարղանդը, Բուխարան ու Խիվան, ադրբեջանական Գյանջան, բելառուսական Վիտեբսկը, տաջիկական Խուջանդը և թուրքմենական Մարին: 
 
Ըստ ցանկը հրապարակող novostink.ru-ի՝ Գյումրին այս աղյուսակում առաջինն է: Քաղաքի մասին նշվում է, թե հնում եղել է Հայաստանի մայրաքաղաքը, այժմ էլ համարվում է նրա մշակութային կենտրոնը: 
 
Միջինասիական քաղաքներին չանդրադառնալով՝ ծանոթանանք աղյուսակի 6-րդ հորիզոնականին՝ «ադրբեջանական Գյանջային»: Նշվում է, որ 4000 տարի առաջ հիմնադրված քաղաքը 2017թ. համարվել է ԱՊՀ մշակութային կենտրոն, այնտեղ տարեկան ավելի քան 400 000 զբոսաշրջիկ է այցելում, մեծ մասը՝ Ռուսաստանից: Այնուհետև հիշատակվում է նրանից 50 կմ հեռավորությամբ գտնվող Նավթալան՝ ԱՊՀ ամենաճանաչված առողջարանային քաղաքը: 
 
Ո՞վ իմանա՝ ինչպես են ստուգաբանում քաղաքի անունը, մի բան միայն հաստատ է՝ հայերեն Գանձակ բառն այդ այցելուների ականջին բնավ չի հնչում: Անշուշտ՝ նրանց թվում պարսիկներ նույնպես կլինեն: Հետաքրքիր է՝ նրանք ինչպե՞ս են ընդունում այն մեկնաբանությունը, թե «միջնադարի ադրբեջանական մեծ գրող» Նիզամին այնտեղ է ծնվել ու ստեղծագործել… Ինչ վերաբերում է ռուսաստանցի զբոսաշրջիկներին՝ նրանք երեևի բոլորն էլ խորհրդային համահարթեցման մտածողությամբ են այնտեղ գնում և հիանում իրենց ադրբեջանցի բարեկամների «փառավոր» անցյալով: 
 
Ահա այս կերպ սույն գործակալությունը 100 տարվա պատմություն ունեցող պետությանն ու ժողովրդին նվիրաբերել է ամբողջ 4000-ամյա մշակույթ: Տարեկան ամենապակասը 400 000 մարդ էլ գնում է՝ առնչվելու այդ կեղծիքին, յուրացնելու քարոզչությունը: Պատկերացնել միայն կարելի է, թե ինչպես են այդ մարդկանց ներկայացնում ադրբեջանական «փառահեղ» պատմության դրվագները, ինչպես են հայկական եկեղեցիները (եթե դեռ պահպանվել են) վերագրվում իբր թե իրենց մասը կազմող աղվանական մշակույթին: 
 
Ի դեպ, այս ցանկում ուշագրավ է նաև Ղազախստանի Տարազ քաղաքի անունը, որտեղ տարեկան 500 000 զբոսաշրջիկ է այցելում: Հետաքրքիր է՝ 2000 տարեկան այս քաղաքի անունը ինչպե՞ս է ստուգաբանվում: