Զենք կրելն ամեն մարդու գործ չէ

Որ զենք կրելը պետք է ամբողջ աշխարհում շեշտակիորեն սահմանափակվի, վաղուց արդեն ակնհայտ է: Միայն թե` եթե նման փորձ արվում էլ է, սոսկ հակառակ արդյունքն է տալիս: Շատերն ասում են՝ մարդիկ  զենքն ինքնապաշտպանության նպատակով են ձեռք բերում: Է˜, եթե հարձակվողին այն չվաճառվի, պաշտպանվո՞ղն ինչու պետք է գնելու անհրաժեշտություն ունենա: Ու նաև՝ ինքնապաշտպանության նպատակով գնված զենքը կարող է նաև հարձակվելու գայթակղություն առաջացնել:
Մի խոսքով՝ սա իրոք շատ կարևոր հարց է, և վաղուց ժամանակն է, որ բոլոր երկրներում կարողանան օրենքի ուժով իրավիճակը շտկել: Մեր երկրում՝ նույնպես:

Մարոկոյի Թագավորության քաղաքացիներն ի՞նչ նպատակով կարող էին սահման խախտել և Ռուսաստանի տարածքից փորձել Նորվեգիա ներթափանցել: Առաջինը մարդ մտածում է, թե ցանկացել են այնտեղ ահաբեկչություն իրականացնել: ՌԴ անվտանգության դաշնային ծառայության և Կարելիայի սահմանապահ ծառայության վարչության աշխատակիցները չորս մարոկացու են ձերբակալել, և քրեական գործ է հարուցվել:

Հնարավոր է՝ այդ գործից պարզվի, որ Եվրոպայում նախատեսվող մի նոր ահաբեկչություն է կանխվել: Այդ պարագայում` կեցցեն ռուսաստանյան համապատասխան կառույցները, որ կարողացել են նրանց վնասազերծել: Մինչդեռ որքան սպառնալիքներ էլ մնում են չբացահայտված:

Հենց նման թաքնված վտանգների դեմն առնելու նպատակով էլ ՌԴ Պետդումայում քննարկման է դրվել զենք կրելու և պահելու թույլտվությունը կասեցնելու հարցը: Ճիշտ է՝ խոսքը վերաբերում է միայն զենք կրելու իրավունք ունեցող այն անձանց, ովքեր անսթափ վիճակում իրավախախտում են կատարել: Այսօր ով ասես, որ չի կարող մտնել խանութ ու պարզապես վաճառողին ասել՝ փաթեթավորեցե՛ք, խնդրեմ, այսինչ մահաբեր զենքը և մի ամբողջ պահեստ փամփուշտներ տվեք:

Կարևորը՝ կարողանա վճարել: Իսկ երբ այդ մահաբեր զենքը հերթական զոհին այն աշխարհը կուղարկի, գործի կանցնեն իրավապահները և կփորձեն զենքը գործադրողին պատժել: Եթե իհարկե՝ հաջողեն: Իսկ զոհերի մասին, երևում է, այնքան էլ չեն մտածում: Թե չէ` մի՞թե ամեն օրվա լրահոսում այսքան շատ կլինեին հրազենով մարդկանց ոչնչացնելու վերաբերյալ հաղորդագրությունները: