ԱՄՆ-ի գազային քաղաքականությունը` ընդդեմ Ռուսաստանի

Մեր դարաշրջանում բոլոր մեծ պատերազմների պատճառը, ըստ էության, երկրագնդի վառելիքաէներգետիկ պաշարները տնօրինելու ցանկությունն է: Շատ է ասվել, որ Սիրիան ավերակների է վերածվում միայն նրա համար, որ այնտեղ նավթի հսկայական պաշարներ են հայտնաբերվել: Այդ փաստը, սակայն, փորձում են խնամքով թաքցնել:
 

Նման պաշարներ թերևս ամենաշատը տնօրինում է ԱՄՆ-ը: Եվրոպան էլ, որ դրանք օգտագործելու մեծ ախարժակ ունի, սակայն իր տարածքում զուրկ է հանքավայրերից և ստիպված է դրսից բերել, որ իր «տան» կարիքները հոգա: Մինչև այժմ դրա ամենահարմար տարբերակը Ռուսաստանից ներմուծելն է եղել: Ա′յն Ռուսաստանից, որին գրեթե բոլորը «բոբո» են համարում:

Բայց ահա ամենազոր ԱՄՆ-ը որոշել է Եվրոպային այդ «բոբոյի» ձեռքից փրկել և այլընտրանք առաջարկել: Միացյալ Նահանգները սկսել է կանոնավորապես հեղուկ գազ մատակարարել Հյուսիսային Եվրոպային:

Բնական հեղուկ գազ տեղափոխող ամերիկյան նավերը մի քանի օր առաջ սկսել են բեռնաթափվել Նիդերլանդներում և Լեհաստանում: Սա առաջին անգամն է, որ ամերիկյան հեղուկ գազը բեռնաթափվում է  Հյուսիսային և Արևելյան Եվրոպայի նավահանգիստներում: Մինչ այդ արտահանվել էր Իսպանիա, Պորտուգալիա, Իտալիա, Թուրքի և Մալթա:  Սա Դոնալդ Թրամփի վարչակարգի՝ տնտեսական բնույթի կարևորագույն հանձնարարականներից է, իսկ նպատակը նույնիսկ իրենք չեն թաքցնում՝ նվազեցնել Ռուսաստանի դերը:

Թե սրանից աշխարհում ինչ կփոխվի, կամ որևէ բան կփոխվի՞ արդյոք` ապագայում կերևա: Իմաստուն խոսքն ասում է` մարդը մտածում է, Աստված տնօրինում: Թրամփը իրեն գուցե Աստծո տեղ է դրել, սակայն դժվար թե կարողանա նրա պես տնօրինել: Մի բան հաստատ է` այս հակամարտությունները դեռևս երկար կշարունակվեն, որոնցից միլիոնավոր մարդիկ կտուժեն: