ՌԴ նախագահն անկեղծացել է

ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ ՊԱՊԻԿ Է

Ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունը ֆիլմ է նկարահանել Ռուսաստանի նախագահի մասին:
Նրա «Հարցազրույց Պուտինի հետ» ֆիլմի ցուցադրությունը կսկսվի այսօր՝ Showtime ծրագրում :
Ռուսաստանի նախագահն առաջին անգամ խոստովանել է, որ թոռներ ունի: Նա անկեղծացել է ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունին տված հարցազրույցում, ով ֆիլմ է նկարահանել Ռուսաստանի նախագահի մասին:
 
Պուտինն ասել է, որ շատ է սիրում իր թոռներին, սակայն, ցավոք, քիչ ազատ ժամանակ ունի նրանց հետ անցկացնելու համար:
Այս հայտարարությունը կարելի է սենսացիոն համարել, քանի որ մինչ այս Ռուսաստանի նախագահի անձնական կյանքի հետ կապված ամեն ինչ խորը գաղտնիք էր (CNN-ի նյութերի հիման վրա գրել է JAMNEWS-ը):
 
Հստակ հայտնի է միայն, որ Վլադիմիր Պուտինը երկու դուստր ունի՝ Մարիան և Եկատերինան:
 
Պաշտոնապես չհաստատված, բայց արևմտյան և ռուսական լրատվամիջոցներով տարածված բազմաթիվ հաղորդագրությունների համաձայն՝ ավագը՝ Մարիան, ամուսնու հետ ապրում է Հոլանդիայում, վերջինս հոլանդացի գործարար է: Նա ժամանակին «Գազպրոմ» խոշորագույն ռուսական պետական ընկերության Տնօրենների խորհրդի կազմ էր մտնում: 
 
Կրտսերը՝ Եկատերինան, ղեկավարում է «Իննոպրակտիկա» ընկերությունը, որը բազմամիլիոնանոց պայմանագրեր է ստանում խոշորագույն ռուսական պետական ընկերություններից: Ամուսնացած է գործարար Կիրիլ Շամալովի՝ Պուտինի պատանեկության ընկերոջ որդու հետ: 2013-ից սկսած, երբ տեղի ունեցավ նախագահի դստեր հարսանիքը, Կիրիլ Շամալովը դարձավ «Սիբուր» պետության կողմից վերահսկվող ընկերության 17%-ի տերը, ինչը կազմում է 2.85մլրդ դոլար:
 
Հիշեցնենք, որ իր աղջիկների մոր՝ Լլյուդմիլա Պուտինայի հետ Ռուսաստանի նախագահն ամուսնալուծվել է 2013-ին: Դրանից մի քանի տարի առաջ Վլադիմիր Պուտինը քննադատում էր «Մոսկովսկի կորեսպոնդենտ» թերթում հայտնված հրապարակման փաստը, որը պատմում էր մարմնամարզուհի Ալինա Կաբաևայի հետ նրա սիրավեպի մասին, սակայն այդ փաստը Պուտինը երբեք չի հերքել: