Ինչը՞ կարող է հաշտեցնել Իրանին ու Իսրայելին

Ըստ էության տարածաշրջանում նոր իրավիճակի հիմք դրեց ԱՄՆ նախագահի այցը Սաուդյան Արաբիա: Այդ այցի արդյունքները քննարկվում են, վերլուծվում, գնահատականներ տրվում: Մերձավորարևելյան տարածաշրջանում երդվյալ թշնամիներ համարվող Իրանի և Իսրայելի վերաբերյալ էլ «Ռեգնում»-ում ուշագրավ դիտարկումներ է արել իսրայելցի քաղաքագետ Ավիգդոր Էսկինը: 
 
«Իրանը և Իսրայելը նույն նավակում են հայտնվել: Անհավատալի է, սակայն փաստ է» հրապարակման մեջ նա  հարց է բարձրացրել, թե նախագահական ընտրություններում Հասան Ռոհանիի հաղթանակը թարմ շունչ կհաղորդի՞ Իրանին՝ նրանից վանելով արդեն սովորական դարձած՝ փակ կրոնապետության կերպարը, ինչը պահանջում է Արևմուտքը:
 
- Վերջին ժամանակներում նկատվող՝ տարագրության մեջ գտնվող իրանական ընդդիմադիրների աշխուժացումից կարելի էր ենթադրել, թե վրա է հասել բազմաթիվ իրանցիների համար երկար սպասված պահը, երբ մեկ այլ որակի Իրան՝ ժողովրդավարական ու արևմտամետ, վերջապես կսկսի թոթափել Իսլամական հեղափոխության գաղափաները,-գրում է քաղաքագետը: 
 
Այդ միտումը, սակայն, ըստ հեղինակի, անմիջապես էլ կասկածի տակ դրվեց, երբ ԱՄՆ-ի նախագահ Թրամփը Սաուդյան Արաբիայի հետ պայմանագիր կնքեց՝ 110 մլրդ դոլարի զենք մատակարարելու վերաբերյալ: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե ում դեմ է ուղղված լինելու այդ զենքը: Որքան էլ Ռոհանիին ընտրելով՝ իրանցիները Եվրոպայի հետ մերձ հարաբերություններ հաստատելն են կարևորել, միևնույն է՝ մտադիր չեն գլուխ խոնարհել սաուդյան վահաբիստների առջև: Ա. Էսկինի եզրակացությունը հետևյալն է՝ Թրամփը փաստորեն Իրանում դրսևորվող դրական միտումները հետ է մղում, և Իրանն արդեն պետք է հասկանա, որ իր համար գլխավոր վտանգը ոչ թե Իսրայելն է, այլ սուննիական ծայրահեղականությունը: 
 
- Հնարավոր է՝ սա դուռ կբացի, որ Թել-Ավիվն ու Թեհրանը դադարեն մեկմեկու նզովքներ հղել և բռնեն մի նոր ճանապարհ, որը նրանց դեպի փոխըմբռնում կառաջնորդի,-եզրակացնում է հոդվածագիրը:
 
Այսօրվա աշխարհը ցույց է տալիս, որ իսկապես չկան մշտական բարեկամներ, այլ կան մշտական շահեր: Ու եթե Իրանն ու Իսրայելն իրոք հայտնվեն միևնույն նավակում, այն էլ, թերևս, բավական խարխուլ, անշուշտ ստիպված պետք է լինեն իրար սատարելով՝ թիավարել մինչև անվտանգ ափը: Միայն թե քաղաքական գործընթացներն այնքան արագ են իրար հաջորդում, որ դժվար է կռահել՝ վաղն ի՞նչ նոր իրավիճակ կառաջանա և դեպի ո՞ր անդունդը կմղի մարդկության հերթական հատվածին: