Ատելության կրակն ավելի է թեժանում Թուրքիայում

Կարծիք կա, թե երբ ինչ-որ մեկին ատում ես` ընդունում ես, որ նա քեզ հաղթել է: Այ, այսպես էլ մի հերթական հետազոտություն փաստում է, որ թուրքը հոգու խորքում ամենից շատ հայից է իրեն պարտված զգում: Ժամանակն է, որ մենք նույնպես դա գիտակցենք, որպեսզի կարողանանք մեր զորությունը ճիշտ գնահատել: 
 

Ուղեղների լվացում և քարոզչություն. մեր օրերում լրատվական դաշտը մի՞թե հենց այս դերը չի կատարում: Ճիշտ է, նաև տեղեկատվություն է հաղորդում, սակայն հաճախ` այնքան ուղղորդված կամ կեղծ, որ գերադասելին նրանց լռությունն է: Հենց մոլորակի բոլոր խուլ անկյունները թափանցող տարբեր կարգի լրատվամիջոցները չե՞ն աշխարհում այսօր մոլեգնող ատելությունը սերմանում ու ոռոգում:

Ատելությունից վառվող Թուրքիայում կրակն ավելի է թեժանում, երբ խոսքը հայերին է վերաբերում: Դե ինչպես չմոլեգնեն՝ հարյուր տարի առաջ սեփական հանրության այլասերման գնով փորձեցին ոչնչացնել (տվյալներ են հրապարակվում, թե Թուրքիայի բնակչության շրջանում հոգեկան հիվանդությունները անսովոր մեծ չափերի են հասնում), բայց իրենց ուժերից վեր դուրս եկավ… 

Վիճակագրությունը վեր է հանել թուրքական ատելության պատկերը: «Մեդիայում ատելություն սերմանող հրապարակումների հետազոտություն» նախագծի շրջանակում ներկայացվել է 2017թ. առաջին չորս ամիսների 1876 հրապարակումներում տեղ գտած ատելության քարոզը էթնիկ կամ կրոնական խմբերի նկատմամբ: «Ակոսը» հրապարակել է դրա տվյալները: Առաջին տեղում, անկասկած, հայերն են՝ 439, ապա սիրիացիները՝ 433, հրեաները՝ 298, սրանց հաջորդում են քրիստոնյաները՝ 210 և հույները՝ 198:

Միայն թե չբացառենք՝ հայերը կարող են նկատի առնվել նաև սիրիացիների և քրիստոնյաների վերաբերյալ հրապարակումներում: