Խաղաղությունն ու անկախ Քուրդիստանն անհամատեղելի են

Ահա արդեն քանի տարի է՝ որոշ ուժեր ամեն կերպ ձգտում են Մերձավոր Արևելքում քրդական պետություն ստեղծել: Հատկապես 21-րդ դարի այս առաջին տարիները ուղղակի հագեցած են քրդական անկախության շուրջը պտտվող իրադարձություննեով: 
Աշխարհի պատմության մեջ երբևէ պետություն չունեցած իրանական այս ցեղերն այժմ Իրաքի հյուսիսում ու Արևմտյան Հայաստանի տարածքում այնքան են շատացել, որ հավակնում են (թերևս ոչ առանց այլոց հուշումների) այդ հողերի վրա պետության տեր դառնալ:
 
Բնականաբար՝ Իրաքն ու Թուրքիան դրան խիստ դեմ են: Ու սա մի խնդիր է, գուցե եզակին, որտեղ Հայաստանի ու Թուրքիայի ջրերը նույն առվով են հոսում, որովհետև պատմակական Հայաստանի տարածքում միջազգայնորեն ճանաչված Քուրդիստանը մեզ Միավորված Հայաստանի մեր նպատակներից շատ ավելի հեռուն կշպրտի:  
Իրադարձություններն արդեն այնքան են զարգացել, որ նույնիսկ Իրաքում Քուրդիստանի ստեղծման հանրաքվեի օր է նշանակվել՝ սեպտեմբերի 25-ը: Սրա ամենամեծ ջատագովը թերևս ԱՄՆ-ն է: ՄԱԿ-ի՝ Իրաքին աջակցող առաքելությունը, սակայն, արդեն հայտարարել է, թե իրենք մտադիր չեն ինչ-որ կերպ առնչվել այդ հանրաքնեին: Սակայն, այս հատարարությամբ հանդերձ՝ հիմքեր չկան մտածելու, թե կառույցն ամբողջովին դեմ է դրան:    
 
Բնականաբար՝ եթե հարցը հասնի հանրաքվեին, արդյունքները քրդական անկախության օգտին կլինեն: Կասկած չկա, որ այն անմիջապես կճանաչվի: Այստեղ, իհարկե, դժվար է նորից չհիշել Արցախի անկախության շուրջ խրախճանք անող միջազգային խաղացողներին: 
 
Հայերիս համար Իրաքում քրդերին անկախություն տալը գուցե ոչ մի նշանակություն չունենար, եթե չլիներ այսօրվա Թուրքիայի տարածքում քրդական պետություն ստեղծելու ծրագիրը: Իրավիճակը, սակայն, շատ ավելի բարդ է, քանի որ տարածաշրջանի երկրները քրդերին անկախություն տալու մտադրություն չունեն: Դրա երդվյալ հակառակորդներից է նաև Իրանը: Քաղաքագետները, ինչպես օրինակ Սերգեյ Շաքարյանցը, պնդում են, որ քրդերի պետականության գինը համաշխարհային պատերազմն է: 
 
Գուցե կարելի է ենթադրել, որ ՄԱԿ-ում դա հասկանում են, դրա համար էլ չեն ուզում սատարել: Իսկ նրանք, ովքեր այդ ծրագիրն անշեղորեն առաջ են մղում, փաստորեն ուղղակի պատերա՞զմ են հրահրում: Երևում է՝ բնավ վախ չունեն, թե գլուխներին նոր Նյուրնբերգ կգա…