Իրաքյան քրդստանը` մարտահրավե՞ր, թե՞ սպառնալիք Հայաստանին

ԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՌԵԼՅԱՅՆ ՀԱՄԱՁԱՅՆԵԼ ԵՆ

Իրաքյան քրդստանի ստեղծումը  կարող է  տարածաշրջանում իրավիճակը կտրուկ փոխել: Թերևս նաև դա է պատճառը, որ մի շարք պետություններ դեմ են արտահայտվել դրա ստեղծմանը: Որքան էլ  Հայաստանը չցանկանա  խառնվել այս գործընթացներին, միևնույն է` խաղի մեջ է: Քանի որ Իրաքյան քրդստանի պետություն ունենալուց հետո՝ այդ ամենը գուցե շղթայական կրկնվի նաև Արևմտյան Հայաստանում, որտեղ միլիոնավոր քրդեր են բնակվում և ինքնավարություն են պահանջում:  
 
Վերլուծելով այս գործընթացները, իր տեսակետն է ներկայացրել ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ Վահրամ Պետրոսյանը: Նրա կարծիքով` ցանկացած  նորաստեղծ պետություն մարտահրավեր է Հայաստանին: Բայց մեր հասարակությունը, ըստ նրա՝ հաճախ է շփոթում մարտահրավերը սպառնալիքի հետ: Եթե անգամ սպառնալիք լինի, պետք է այն նվազեցնել: Իսկ եթե միայն մարտահրավեր է, ապա ճիշտ աշխատելու դեպքում կարելի է դրանից օգուտ քաղել: 
 
Թուրքիան, Սիրիան, Իրանը կոշտ են արձագանքել Իրաքյան քրդստանի ստեղծմանը, բայց, ըստ վերլուծաբանի, մի բան է կոշտ արտահայտվելը, մեկ այլ բան՝ քայլեր ձեռնարկելը: ԱՄՆ-ն ու Գերմանիան էլ են դեմ, բայց քրդերին ամենաշատ զինող պետություններն են: Թեև Թուրքիան տնտեսական շահերով կապված է քրդերի հետ, բայց տեսականորեն նրա համար սպառնալիք է քրդստանի ստեղծումը: Եվ այս ֆոնի վրա գուցե սրվեն հարաբերությունները: 
 
ԱՄՆ-ը նույնպես կտրուկ է խոսել Իրաքյան քրդստանի ստեղծման մասին, բայց  հենց այսօր Վաշինգտոնը Սիրիայում գործող քրդական զինված ուժերի (YPG) հետ ստորագրել է համագործակցության և աջակցության մասին տասը տարվա  պայմանագիր:
 
Փորձագետները հայտարարել են, որ այլ երկրի կողմից ՄԱԿ-ի անդամ պետության տարածքում ցանկացած ուժի հետ նման պայմանագրի կնքումը միանգամից հարվածում է տվյալ պետության սուվերենությանը: Այսքանից հետո անհասկանալի է, թե ԱՄՆ-ը, որ իր կոչերով դեմ է քրդստանի ստեղծմանը, ո՞ր երկրի գլխի տակ է փափուկ բարձ դնում: 
 
Մի ուշագրավ իրողություն ևս: Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանի ղեկավար Մեսութ Բարզանին այսօր ասել է, որ անկախության հանրաքվեն այլևս չի հետաձգվելու: Եթե ԱՄՆ-ի ռազմական  համագործակցության պայմանագիրն ու Բարզանիի այս հայտարարությունը մեկտեղենք, կարելի է ասել, որ քրդստանի՝ անկախություն ու պետություն ունենալու ձգտմանը գերտերությունները տվել են իրենց լռելյայն համաձայնությունը: