Ո՞րն է Չինաստանի նպատակը

Երեկվանից Պասից ծոցում համատեղ զորավարժություններ են անցկացնում Չինաստանի և Իրանի ռազմածովային ուժերը: Ադրբեջանի անընդմեջ զորավարժությունները, երևում է, իրենց ստվերում են թողնում տարածաշրջանի նմանօրինակ իրադարձությունները, և հայկական լրատվամիջոցներն այս մասին հաղորդում են սոսկ որպես հակիրճ տեղեկատվություն:

Թվում է՝ Իրանն ու Չինաստանը աշխարահագրորեն իրարից բավականաչափ հեռու են, սակայն երբ քարտեզին ես նայում, տեսնում ես, որ բաժանված են ընդամենը մեկ երկրով՝ Ադրբեջանի նման արհեստածին և Հայաստանի երդվյալ թշնամի Պակիստանով: Չինաստանի և Իրանի միջև ջրբաժան են նաև Տաջիկստանն ու Աֆղանստանը` իրանախոս երկու պետություններ, որոնք երևի ժամանակին հենց Իրանից էլ անջատվել են:

Հայաստանին սահմանակից երկրներից թերևս միայն Իրանն է, որը թեև կրոնով տարբեր է, սակայն  հայերիս համար կարող է հուսալի գործընկեր լինել: Վրաստանի մասին նույնն ասել չենք կարող, զի այնտեղ այժմ կարծես թե թելադրող են թուրքերն ու ադրբեջանցիները: Հենց նրանց հետ էլ մեր վերևի (Վիրք, Վրաստան) հարևանը վերջերս էր զորավարժություններ անցկացնում: Իսկ եթե մեկի հետ զորավարժություն ես անցկացնում, առնվազն նշան է, որ պատերազմական իրավիճակի մեջ ներքաշվելու պարագայում հույս ունես նրանից աջակցություն ստանալ:

Նույնը նաև Իրանին է վերաբերում, մանավանդ այս օրերին, երբ Մերձավոր արևելքում, մասնավորապես այսպես կոչված Ծոցի երկրներում իրավիճակը գնալով ավելի վտանգավոր է դառնում, երբ արդեն հստակ ուրվագծվում է Իրաքի քրդերին պետականություն տալու հեռանկարը (ինչին Իրանը խիստ դեմ է), սուննիական աշխարհն էլ շիաական Իրանի վրա է սուր ճոճում: Արդյոք, Չինաստանի հետ զորավարժությունները նշանակո՞ւմ են, որ պաշտոնական Պեկինն այս պարագայում Իրանին է սատարում:

Այն, որ Չինաստանը՝ վերջին տասնամյակներում աննախադեպ հզորացած իր տնտեսությամբ, համաշխարհային ծավալների հասնող մեծ ձգտումներ ունի, բոլորին է պարզ: Իրանն էլ, որ սկսել է թոթափել պատժամիջոցների բեռը և առաջընթացի մեծ ներուժ ունի, միջազգային շախմատի դաշտում հասարակ խաղաքարի դերով չի բավարարվի:

Ո՞րն է Չինաստանի նպատակը, և կարո՞ղ են արդյոք այս զորավարժությունները որոշակի զսպիչ դեր կատարել ծավալվելիք իրադարձությունների մեջ: Շատերն են ասում, որ քրդական պետություն  ստեղծումով սկիզբ կդրվի համաշխարհային նոր պատերազմի: Չինաստանի նպատակն այդ նոր պատերազմում իր համար համեղ պատառներ պոկե՞լն է, թե՞ սպասվող կործանարար աղետի դեմն առնելը: Եթե երկրորդը, ապա այդ զորավարժությունները միայն ողջունել կարելի է…