Վրաստանում էլ է գազը թանկանում

Վրաստանում տագնապալի տրամադրություն է առաջացրել մատակարարվող գազը թանկացնելու վերաբերյալ ադրբեջանական նավթային SOCAR ընկերության մտադրությունը: Այդ մասին վրացական կառավարությանն արդեն տեղյակ է պահվել:
 
Ճիշտ է՝ Վրաստանի տնտեսության և կենցաղային կարիքների համար այդքան անհրաժեշտ վառելիքն ընդամենը 5 թեթրիով է թանկանում (100 թեթրին մեկ լարիի է հավասար), սակայն վրացի մասնագետներն արդեն իսկ նշում են, որ դա մեծ դժվարություններ կառաջացնի, քանի որ առանց այդ էլ դժվարությամբ էին կարողանում վճարել, հատկապես ձմռանը: Ընդ որում, Վրաստանում ոչ մի կասկած չունեն՝ գազը կթանկանա:
 
Որպես թանկացման պատճառ ադրբեջանական ԱՊԱ-ն նշել է վրացական լարիի արժեքի փոփոխությունը և Վրաստանում SOCAR-ի կատարած ներդրումները: Նման դեպքերում, իհարկե, միշտ էլ որևէ պատճառաբանություն բերվում է, սակայն այս պարագայում անզեն աչքով էլ երևում է, որ Ադրբեջանի քայքայվող տնտեսության համար արտահանվող գազի գների բարձրացումը կարող է փրկօղակ դառնալ: 
 
Գազ ներմուծող ուրիշ երկրների հետ համեմատած՝ հայաստանյան գազը որոշ չափով էժան է համարվում, սակայն ձմռանը ջեռուցման համար այնքան շատ ծախս է արվում, որ շատ ընտանիքներ ելք չեն գտնում: Այնպես որ, Վրաստանի մտահոգությունը մեզ համար միանգամայն հասկանալի է: Անկասկած է, որ նաև էժան գազ ստանալու հեռանկարն է վրաց իշխանություններին նետել ադրբեջանաթուրքական շահերի գիրկը:
 
Վրացիները, թերևս, մեկ բան հաշվի չեն առել՝ որ իրեն անհրաժեշտ պահին Ադրբեջանը անվարան նրան էլ թիկունքից կհարվածի: