Մոգերինիի նետած փրկության օղակը շատ բարակ չէ՞

Աշխարհի տերերը նախ մոլորակը լցրել են ամենատարբեր կարգի փախստականներով, հետո էլ հատուկ օր (հունիսի 20-ը) սահմանելով՝ փորձում են նրանց ցավին իբր թե դարման անել: Եվրամիության տարածաշրջանային վստահության հիմնադրամը սիրիացի ներգաղթյալներին աջակցելու համար 275 մլն եվրո ծավալով նոր ծրագիր է հաստատել, որի մեծ մասը պետք է հատկացվի Թուրքիայում, Լիբանանում, Հորդանանում, Իրաքում, Արևմտյան Բալկաններում և Հայաստանում ապաստանած սիրիացիներին:
 
Թե մյուս երկրներում ինչ մտքերով ու նպատակներով են ներգաղթյալներին ընդունել՝ իրենք կիմանան: Հայաստանի համար, սակայն, ամեն ինչ այլ է: Այստեղ եկել են մեր հայրենակիցները, ովքեր սերունդն են հարյուր տարի առաջ տեղահանված ու Սիրիայում ապաստանած արևմտահայերի: 22 000 սիրիահայ այսօր ապաստան է գտել պատմական հայրենիքի՝ պետականությամբ օժտված այս փոքրիկ պատառիկի վրա ու մեզ նման փորձում է հաղթահարել կենցաղի ու հասարակության մեջ իր տեղի բարդ խնդիրները: 
 
Մերձավերարևելյան տարածաշրջանից ներգաղթյալներ ընդունելու համար շատ երկրներ են միջազգային հիմնադրամներից միլիոնավոր դոլարներով դրամական միջոցներ ստացել: Դրանց թվում թերևս ամենաճարպիկը Թուրքիան է, որն ամեն անգամ կարողանում է ուրիշների վիշտն օգտագործելով՝ միջազգային կառույցների հատկացումներով սեփական գրպանները տռզեցնել: Ու այս անգամը նույնպես բացառություն չէ:
 
Այս անգամվա բացառությունը, թերևս, Հայաստանի անվան հետ է կապվում՝ վերջապես հիշել են, որ շրջափակման ու պարտադրված պատերազմի մեջ գտնվող, քայքայված տնտեսությամբ մեր երկրում նույնպես հազարավոր սիրիացիներ են բնակություն հաստատել: Եվ ընդհանուր գումարից 3 մլն. եվրոն նախատեսված է հատուկ Հայաստան ներգաղթած սիրիահայերի կարիքները հոգալու համար: Այդ միջոցները պետք է ուղղվեն առողջապահական և հոգեբանասոցիալական ծառայությունները ներգաղթյալներին հասանելի դարձնելուն, բնակարանային պայմանների բարելավմանը, տնտեսական հնարավորություններ ստեղծելուն, ինչպես նաև ուսումնական գործընթացում դպրոցականների և ուսանողների ներգրավմանը:
 
Եվրամիության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին այս առիթով հայտարարել է. 
 
- Մենք փրկության օղակ ենք նետում տարածաշրջանում գտնվող միլիոնավոր սիրիացիներին՝ նրանց օգնելով, որ ապագա ստեղծեն թե՛ սիրիացի փախստականների, թե՛ ընդունող համայնքների համար:
 
Ինչպես է երևում, որ տիկին Մոգերինիի ձայնը տաք տեղից է գալիս: Տունուտեղից զրկված, աշխատանք ու հնարավորություններ կորցրած մարդկանց որպես փրկության օղակ մի քանի միլիոն եվրո են հատկացնում՝ մտածելով, թե մե՜ծ լավություն են անում: Այն էլ դեռ պարզ չէ, թե այդ եվրոներից որքա՞նը կծառայեն սիրիացի ներգաղթյալների իրական կարիքներին և որքա՞նը՝ դրանք ստացող պետությունների ձեռքին կդառնան միջոց՝ նոր պատերազմական գործողություններ հրահրելու և դարձյալ միլիոնավոր մարդկանց փախստական դարձնելու համար: