Փրփո՞ւր, թե մարգարիտ

Նավթային առատ պաշարներով հարուստ տարածքում պետականություն նվեր ստանալով՝ ադրբերջանցիներն սկսեցին, ինչպես ասում են, փողի մեջ լվլվալ: Հատկապես ԽՍՀՄ փլուզումից հետո նրանց համար «ծովը ծնկներից» էր: Քանի դեռ գործերը լավ էին գնում, ու փողը ջրի պես հոսում էր` Ադրբեջանում բանկեր էին բազմանում ու փորձում աշխարհի շուկաները նվաճել:

Այս փոփոխական աշխարհում, սակայն, մշտական ոչինչ չկա: Ադրբեջանի բանկերի միության ղեկավար Զաքիր Նուրիևը խոսել է այն մասին, որ ադրբեջանական 10 բանկ, որոնք տասից ավելի ֆինանսական շուկաներում գործունեություն են ծավալում, այլևս անհրաժեշտ պահանջներին չեն համապատասխանում: Դրանք, փաստորեն, սնանկացման եզրին են: Իսկ հիմնական պատճառը ադրբեջանական մանաթի կտրուկ արժեզրկումն է:

Սրա պատճառներից մեկն էլ, թերևս, միջազգային կառույցներում Ադրբեջանի խայտառակ պահվածքի և կաշառատուի կերպարի բացահայտումն է: Որտեղ նրա թուրը կտրում է, այնտեղ նա անխնա հարվածում է: Բայց հենց զգաց, որ բթացած սայրով ոչ մեկին վնասել չի կարողանում, իր բնույթին հավատարիմ` կբացի մյուս՝ քծնանքի ու խոնարհումների տոպրակը:

Իսկ առայժմ նրա ձայնը դեռ շատ խրոխտ է հնչում, մանավանդ երբ նվագակցվում է հայկական սահմաններին որոտացող զենքերի դղրդյունով: Չէ՞ որ առատորեն հոսող փողերը չտեսի ագահությամբ նախ զենքերի ձեռք բերելու և միջազգային հանրության աչքուականջը կույր ու խուլ պահելու վրա է ծախսում:

Մեր ոչ բարով հարևանների թուրը մի ասպարեզում էլ է կտրուկ: Տեղյակ մարդիկ ասում են, որ միջազգային շատ թե քիչ կարևոր կառույցների կազմակերպիչների վերին օղակներում անպայման կամ թուրք կա, կամ ադրբեջանցի: Նրանք ամենուր խցկվում են, բոլոր տեղերում երևում, բոլորի աչքը մտնում: Իսկ այդ նույն ժամանակ հայերն աշխարհի բոլոր երկրների գիտության ու մշակույթի ոլորտներում մեծագույն նվաճումների են հասնում, սակայն նրանց անունները շատ դեպքերում կամ չեն հնչում, կամ աշխարհը նրանց չի ճանաչում որպես հայ:

Այո, փրփուրը միշտ ծովի երեսն է ելնում, և բոլորն են այն տեսնում: Իսկ շողշողուն մարգարիտները խեցիների մեջ ամփոփված՝ ծովի հատակին են, ու նրաց տեսնելու համար պետք է ջանք թափել...