«Ահաբեկիչնե՛րն են մեր թշնամիները»

ՄԱԿՐՈՆԸ ԿԵՑՑԵ

Սիրիայի դեմ Արևմուտքի արշավանքն սկսվեց նախագահ Բաշար Ասադի հեռացման պահանջով, որը հիմնավորելու նպատակով նաև «թխվեց» սիրիական այսպես կոչված չափավոր ընդդիմությունը՝ իբրև Ասադի դեմ բողոքող օրինական ուժ: Մինչև վերջերս արևմտյան բոլոր երկրներն անվերապահ հայտարարում էին՝ Ասադը պետք է հեռանա: Ըստ նրանց՝ սա էր սիրիական հանգույցի լուծման միակ ճանապարհը: 
 
Այս բութ համառության պատը, սակայն, արդեն սկսել է ճաքեր տալ: Ֆրանսիայի նորընտիր նախագահը, ով նաև խորհրդարանում աննախադեպ թվով կողմնակիցներ ունեցավ, ուշագրավ հայտարարություն է արել: Էմանուել Մակրոնն ասել է, թե Բաշար Ասադի հրաժարականը Ֆրանսիայի համար այլևս առաջնային պահանջ չէ: Դրա հիմնական պատճառն այն է, որ չի ներկայացվել որևէ այլ գործիչ, ով կարող է Ասադի օրինական իրավահաջորդը լինել: 
 
Մակրոնը խոսել է դիվանագիտական և քաղաքական ճանապարհային քարտեզ մշակելու անհրաժեշտության մասին: Դրա առաջին պայմանը Ֆրանսիայի նախագահը համարել է ահաբեկչական խմբավորումների դեմ «անվերապահ պայքարը»: 
 
- Նրա՛նք են մեր թշնամիները, և նրանց ոչնչնացնելու համար մեզ հարկավոր համագործակցել բոլորի, հատկապես Ռուսաստանի հետ,-ասել է Մակրոնը: 
 
Ճիշտ է՝ նա չի մոռացել նաև քիմիական զենքի վերաբերյալ և այլ կարգի մեղադրանքները: Մակրոնը նշել է, որ եթե Սիրիայի վարչակարգը կամ ուրիշ մեկը քիմիական զենք գործածի, Ֆրանսիան պատրաստ է իր օդուժի հարվածներով դրան պատասխանել: 
 
Որ Սիրիայում քիմիական զենքի կիրառման առնչությամբ երբեմն լուրեր են տարածվում, դեռ չի նշանակում, թե դրանք հարյուր տոկոսով հաստատվել են, կամ որ դրա մեղավորը Սիրիայի օրինական իշխանությունն է: Իսկ որ այդ մեղադրանքն օգտագործվում է՝ Սիրիան ծնկի բերելու համար, անզեն աչքով էլ է երևում: 
 
Այսպիսով, Մակրոնի հայտարարությունը շատ կարևոր ուղի է գծում՝ պայքարել ոչ թե Ասադի պաշտոնավարման, այլ աշխարհն արյան ծով դարձնել ձգտող ահաբեկիչների դեմ: Պայքարել իրապես, այլ ոչ թե այնպես, ինչպես մինչև հիմա է արվել՝ շատ տարփողելով, բայց համարյա գործ չանելով: Եթե չասենք՝ ահաբեկիչներին աջակցելով:
 
Ֆրանսիայի նախագահի այսպիսի մոտեցումը հույս է ներշնչում, թե անլուծելի թվացուղ թնջուկի մեջ խճճված մարդկությունը կսկսի ավելի սթափ նայել իրականությանն ու կձեռնարկի քայլեր, որոնք գոնե մի քիչ արդյունավետ կլինեն: