Թուրքիայի իրական դեմքը մի՞թե նկատվել է

Բազմաթիվ հայերի հիշողության մեջ հաստատապես ամուր դրոշմվել է, թե ԱՄՆ-ի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունն ընդունելու վերաբերյալ քննարկումներում ինչպես էին «ազգընտիրները» արդարությունը աչքից հեռու տանում՝ հանուն Թուրքիայի հետ իրենց սերտ բարեկամության ու դրանից բխող շահերի: 
 
Շատ ժամանակ չի անցել, սակայն այս միահամուռ թրքասիրությունը, երևում է, Ամերիկայում զիջել է դիրքերը: Ամերիկացիներին դուր չի եկել հատկապես Էրդողանի անվտանգության աշխատողների հետ կապված միջադեպը: Ահա և հանկարծ նկատել են, որ Թուրքիան «ազատատենչ ու խաղաղասեր մարդկանց համար սպառնալիք է ամբողջ աշխարհում», և միայն հայերի համար չէ, որ վտանգավոր է: Այս խոսքերի հեղինակը կոնգրեսական Դանա Ռոհրաբաչերն է՝ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերի հանձնաժողովի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ենթահանձնաժողովի նախագահը: 
 
- Նախագահ Էրդողանը բռնակալ է և արմատական իսլամիստ: Ժամանակն է, որ Միացյալ Նահանգները լրջորեն վերաբերվի այդ երկրի հետ դաշնակցային հարաբերություններին և դրանք կարգի բերի,-նշել է կոնգրեսականը: 
 
«Թուրքիան սպառնալիք է ամբողջ աշխարհի համար» ամերիկյան պնդումը մասնակիորեն հաստատել են գերմանացիները: Գերմանիայի քաղաքացի Մեհմետ Ֆաթիհ անունով 32-ամյա թուրքը մեղադրվում է Թուրքիայի օգտին Գերմանիային լրտեսելու համար: Մի կողմից իր համար տաքուկ անկյուն է գտել աշխարհի հզորագույն երկրներից մեկում, մյուս կողմից այդ երկրի հիմքերն է փորում հանուն մի պետության, որի գոյությունն իսկ անընդունելի է:
 
Ամբողջ աշխարհում արմատական իսլամիստներ փնտրող Ամերիկան մինչև հիմա Էրդողանի արմատականությունը չտեսնելու է տալիս: Սակայն, երբ Կոնգրեսի բարձր ամբիոնից նման մեղադրանքներ են հնչում, գուցե դրանք սերմացուի նման պարատ հող գտնեն ու միօրինակ քարոզչությունից բթացող ուղեղներին մտածելու մղեն: Աշխարհը Ռոհրաբաչերի ասած թուրքական սպառնալիքից ազատելու համար դա իրոք կարևոր է: