Ամեն շողշողուն պտուղ վիտամինների շտեմարան չէ

Ղազախստանում ներկրվող գյուղատնտեսական մթերքների նկատմամբ վերահսկողությունը վատ է անդրադարձել հատկապես Ադրբեջանի վրա: Հունիսի 10-23-ը Ղազախստան բերված ադրբեջանական ապրանքերի ստուգումը տարբեր խախտումներ է ի հայտ բերել: Նախ՝ ներկրված կարտոֆիլը վարակված է եղել, ապա և խախտվել են Ղազախստանի ու ԵԱՏՄ-ի օրենքները: 
 
Այսպիսով՝ 80 տոննայից ավելի կարտոֆիլ Ղազախստանից վերադարձվել է Ադրբեջան: Ի դեպ՝ նույն ստուգումների հետևանքով գյուղմթերքներ են վերադարձվել նաև Ռուսաստան, Չինաստան, Ղրղզստան և Ուզբեկստան։
 
Ամառվա տապին սննդային թունավորումներն ամենատարածված հիվանդություններն են, և ղազախները, բնական է, զգուշանում են:
 
Եվ ընդհանրապես, եթե երկրիդ ներսում կարողանում ես բնամաքուր սննդամթերք արտադրել, ապա ներկրվողի նկատմամբ վերահսկողությունը չպետք է կորցնես: Որովհետև գրավիչ տեսքով ու կանոնավոր ձևերով դեմքիդ ժպտացող խոշոր պտուղը, շատ է պատահում, գեղեցիկ կեղևի տակ ավելի շատ թույներ է պարունակում, քան վիտամիններ ու օգտակար նյութեր: 
 
Ամեն օր Հայաստան ամենատարբեր գյուղմթերքներ են ներկրվում՝ շատ դեպքերում ուղղակիորեն վնասելով մեր արտադրողին: Միայն թե այդ մթերքները ձեռք բերող հայ սպառողը երբեք համոզված չի լինում՝ դրանք որևէ ստուգում անցե՞լ են: Համենայնդեպս ընդամենը մի քանի օր առաջ Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է նաև սննդի անվտանգության հարցը: Սա արդեն հույս է տալիս, որ գոնե որոշ ժամանակ (որը համապատասխանում է ուժեղ շոգերի շրջանին) մեր երկրի պատասխանատուները զգոն կլինեն: