Ստրկության միայն անունն է փոխվել

Մարդկությունը այդպես էլ ստրկատիրությունից վեր չբարձրացավ: Ճիշտ է՝ այսօր դրա ձևերն այլ են, միջազգային անունն էլ թրաֆիքինգ է, սակայն էությունը չի փոխվում՝ մարդուն զրկել իր իրավունքներից և նրան բացառապես օգտագործել շահույթ ստանալու նպատակով, նրան առնել ու ծախել: Այս արատավոր երևույթի դեմ միջազգային պայքար է հայտարարված, սակայն ինչպես ամեն ինչ, սա նույնպես շատ դեպքերում վերահսկողությունից դուրս է մնում ու բարգավաճում: 
 
Միացյալ Նահանգների պատքարտուղարությունը 2017թ. զեկույց է հրապարակել, որտեղ աշխարհի երկրները դասակարգել է ըստ թրաֆիքինգի նկատմամբ սահմանված չափանիշների: 
 
Դասակարգման համաձայն՝ երեք կարգի երկրներ կան: Առաջին խմբում այն պետություններն են, որոնց օրենսդրությունը լիովին համապատասխանում է թրաֆիքինգի դեմ պայքարի նվազագույն չափանիշներին: Հայաստանը, որոշ թերություններով հանդերձ, այս խմբում է: Երկրորդ խմբի պետություններում օրենսդրությունը նվազագույն չափանիշներին չի համապատասխանում, սակայն թրաֆիքինգի դեմ պայքարի ուղղությամբ փորձում են որոշ քայլեր ձեռնարկել: Ադրբեջանը այ՛ս խմբում է: Երրորդ խմբի երկրներում ոչ միայն համապատասխան օրենսդրություն չունեն, այլև պայքարի քայլեր չեն ձեռնարկում: 
 
Ըստ զեկույցի՝ ադրբեջանցի տղամարդիկ և տղա երեխաները աշխատանքային շահագործման են ենթարկվում Թուրքիայում, Ռուսաստանում, ԱՄԷ-ում, ինչպես և՝ հենց Ադրբեջանում: Ադրբեջանցի կանայք և երեխաները սեռական բռնության ու շահագործման են ենթարկվում երկրի ներսում, նաև՝ Մալայզիայում, Թուրքիայում, Ռուսաստանում և ԱՄԷ-ում: Նախորդ տարիներին Ադրբեջանում աշխատանքի և սեռական շահագործման նպատակով բազմաթիվ մարդիկ են «ներկրվել» Ուկրաինայից, Չինաստանից, Ռուսաստանից, Թուրքիայից, Թուրքմենստանից, Ուզբեկստանից և այլ երկրներից: Եվ ամենակարևորը՝ Ադրբեջանը Կենտրոնական Ասիայից դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ, Թուրքիա և Իրան կատարվող թրաֆիքինգի համար տարանցիկ երկրի դեր է կատարել:
 
Պետքարտուղարությունը միայն մեկ բանում է վրիպել. ինչպես միշտ՝ հաշվի չի առել, թե ինչպես են ադրբեջանական իշխանությունները հայկական կողմից մոլորված խաղաղ քաղաքացիների որսում և, հաշվի չառնելով ո՛չ տարիքը, ո՛չ մտավոր զարգացման կամ հոգեկան առողջության վիճակը՝ նրանց ծառայեցնում են իրենց ռազմական փառամոլության ու քարոզչության շահերին: Ասենք՝ սա արդեն քաղաքականություն է, իսկ ԱՄՆ-ի արտաքին գործերի գերատեսչությունն, ախր, քաղաքական խաղեր տալ չի սիրում…
 
Գիտական կարծրատիպերից վեր կանգնած որոշ հայագետներ պնդում են, թե Հայաստանում ստրկատիրություն՝ որպես այդպիսին, չի եղել: Ցավոք՝ չենք կարող ժխտել, որ թրաֆիքինգ կոչված ախտը մեր երկիրն էլ չի շրջանցել: Ու բոլորովին կարևոր չէ, թե ինչ ցուցանիշներ կգրանցվեն տարբեր կարգի զեկույցներում, որոնց չափանիշներն, աստված գիտի՝ ինչ սկզբունքների վրա են հենվում: Մենք պետք է կարողանանք մեր տունը զերծ պահել նման երևույթներից՝ վերականգնելով ընտանեկան դաստիարակության ավանդույթները, արմատավորելով կրթության գործուն համակարգ, ձևավորելով հասարակական կարծիքի ազդեցիկ ու արդարացի դաշտ, նոր միայն հույսներս դնենք օրենսդրության ու վերահսկողության վրա:
 
Որովհետև որքան էլ տարբեր զեկույցներ կազմեն, թրաֆիքինգ կոչվող վարակի դեմ դեռևս պատրաստուկ չի հայտնաբերվել…