Օդի պահածո՝ ընդամենը 13 դոլարով

Ահա և մարդկությունը հասավ մի հանգրվանի, երբ վաճառքի առարկա է դառնում նույնիսկ կյանքի գոյության առաջին պայմանը՝ օդը: Այս աշխարհում ամեն ինչ կարելի է պահածոյացնել, իսկ լեռնային մաքուր օդն ինչո՞ւ չփակել գեղեցիկ տարաների մեջ և հրամցնել աղտոտված բնակավայրերի՝ խեղդամահ եղող բնակիչներին: Սույն գյուտի հեղինակային իրավունքը, կարելի է ասել, Հարավային Կորեային է պատկանում:  
 
Դրա առաջին քայլը տարաների արտադրությունն է, որով կանադական ընկերություններից մեկի հետ համատեղ պետք է զբաղվեն երկրի հարավարևելյան Հադոն շրջանում: Մոտ օրերս («Ռիա նովոստիի» հաղորդմամբ) այնտեղ կբացվի գործարանը, որտեղ նախատեսված է կիպարիսի բույր արձակող գլանանոթներ արտադրել: Այդ տարաները լցվելու են Չիրիսանի լեռների 700-800 մ բարձրության օդով: Սահմանվել է նույնիսկ դրանց գինը՝ 13 դոլար: Ծրագրվում է օրական արտադրել 1000-2000 նման տարա: Պահածոյացված օդի արտահամնան հնարավոր ուղղություններն են Չինաստանը, Հնդկաստանը և Մերձավոր Արևելքը:
 
Բայց եթե լավ մտածենք՝ նման «բիզնես» Հայաստանին նույնպես կսազեր: Որտե՞ղ կա մեր լեռների նման բարձր ու մաքուր օդով ավելի հարմար տարածք: Ճիշտ է՝ մենք հաճախ ինքներս ենք դժվար գործերի համար ճանապարհ հարթում, սակայն այս անգամ կարող ենք սպասել, մինչև Հարավային Կորեայի փորձը արդյունք տա, իմացվի, թե ինչպես է հնարավոր դրանից օգտվել, բժշկական բարձիկներից ինչո՞վ են տարբերվում, ապա սկսել արտադրությունը: Հումքը հո կա ու կա: Չնայած այլ հարց էլ է ծագում՝ այդպես պահածոյացնելով՝ չե՞նք վնասի մեր մոլորակի մթնոլորը: Մեկ էլ տեսար՝ օզոնային շերտի նման մի պատուհաս էլ սա դարձավ: Իսկ մեզնից հարավ այնքան շոգ-կրակ երկրներ կան, նրանք հաստա՛տ լեռնային սառը օդից չեն հրաժարվի: 
 
Իսկ եթե ավելի լուրջ՝ ապա այսպիսի արտադրություն հիմնելու միտքն իսկ արդեն տագնապալի է: Ասում են՝ ապագայի պատերազմները ոչ թե նավթի, այլ խմելու ջրի համար են լինելու: Ստացվում է՝ արդեն նույնիսկ ոչ թե ջրի, այլ հենց շնչելու օդի համար են մարդիկ իրար կոտորելու: Սկզբում աղտոտում են, հետո սկսում իրար ձեռքից խլխլել…