«Աստ հանգչի «Եվրատեսիլ»

Եվրոպայի հեռարձակողների միությունը հանկարծ արթնացել է ու նկատել, որ մայիսին Կիևում անցկացված միջազգային երգի «Եվրատեսիլ» մրցույթի ժամանակ անարդարություն է տեղի ունեցել: Հավանաբար բոլորն են հիշում՝ Ռուսաստանի ներկայացուցիչ Յուլյա Սամոյլովային Ուկրաինա մուտք գործելու թույլտվություն չտրվեց այն պատճառաբանությամբ, թե առանց Կիևի հետ համաձայնեցնելու այցելել է Ղրիմ (ականջդ կանչի, Ադրբեջան): 
 
Այժմ Կիևին հայց է ներկայացվել, որտեղ նշվում է, թե նման որոշում կայացնելիս Ուկրաինայի իշխանությունները «Եվրատեսիլի» կազմակերպիչների հետ բավարար չափով չեն համագործակցել, որի պատճառով «Եվրատեսիլի» հեղինակությունը կասկածի տակ է դրվել (հաղորդել է BBC-ն): 
 
Հեռարձակողների միության կանոնակարգերի կոմիտեն հանձնարարել է տուգանել Ուկրաինայի ազգային հեռուստառադիոընկերությանը: Տուգանքի չափը հստակեցված չէ, սակայն նշվում է, որ դա զգալի գումար կկազմի:  
Սա այն դեպքն է, երբ «լավ է ուշ, քան երբեք»-ը տեղին է հնչում: Որքան էլ «Եվրատեսիլը» համարվում է սոսկ մշակութային իրադարձություն՝ զերծ քաղաքական խաղերից, իրականում այն արդեն վաղուց վերածվել է մասնակից երկրների քաղաքական համակրանքի ու հակակրանքի դրսևորման հարթակի: Հենց միայն Ադրբեջանի՝ վերջին տարիների բուռն գործունեությունը բավական է, որպեսզի ամբողջ մրցույթն արատավորվի: 
 
Դե, եթե «Եվրատեսիլի» կազմակերպիչներին սկսել է հուզել իրենց հեղինակության հարցը, գուցե կարելի է հուսալ, որ մրցույթը կսկսի նորովի վերակառուցվել և ամեն տարի մայիսին մոլորակի  եվրոպական հատվածին ոգևորել իսկական արվեստի ցուցադրումով: Իսկ անբովանդակ շքեղաշուք շոուների փայլի մեջ սքողված, երբեմն էլ անսքող հակադրությունները, կոնչիտաների ու վերկաների հիացական քարոզը կմնա անցյալում: Այլապես միակ ճիշտը «Եվրատեսիլի» դամբանականը կարդալը կլինի: