Արտաքսելը դրությունից ե՞լք է

Գերմանիայում փախստականների թվի ավելացման դեմ պայքարի միջոց են ընտրել որոշ խմբերի արտաքսելը: Ադրբեջանական haqqin.az-ը հաղորդել է, թե Դյուսելդորֆի օդանավակայանից սկսվել է Ադրբեջանի քաղաքացիների զանգվածային արտաքսումը Գերմանիայից: Դաշնային ոստիկանությունը նշել է, որ Դույսելդորֆի իշխանությունները ապաստան տրամադրելու կամ մերժելու որոշումներն առանց հետաձգելու են ընդունում: Եվ քանի որ այժմ ներգաղթյալների նկատմամբ ավելի խիստ պահանջներ են դրվել, իսկ վերջին տարիներին նրանց թիվը շատ է մեծացել, այդ պատճառով էլ ավելացել է նաև արտաքսվողների թիվը:

Մինչ այդ Դյուսելդորֆի օդանավակայանից արտաքսում էին  Հարավային Եվրոպայից եկած ներգաղթյալներին:

Թուրքերով լցված Գերմանիայում, ինչ խոսք, ադրբեջանցիներն իրենց զգացել են ինչպես սեփական տանը, դրա համար էլ զանգվածաբար ներգաղթել են` այնտեղ իրենց «ազնիվ ցեղը» հաստատելու և վայելելու եվրոպական բարիքները: Միայն թե, ճիշտ է, ուշացումով, բայց Եվրոպան սկսել է հասկանալ, որ իր սեփական տան մեջ ինքն արդեն տեր չէ, և անհրաժեշտ է օր առաջ կարգուկանոն հաստատել: Թե որքանով դա նրան կհաջողվի` դժվար է ասել. մանավանդ` սեփական ցանքսի հասկերն է հնձում: Միայն թե մի վայրից արտաքսված ներգաղթյալը պետք է մեկ այլ վայրում ապաստան գտնի:

Ու հիմա հարց է առաջանում` որտե՞ղ են հանգրվանելու Գերմանիայից զանգվածաբար արտաքսվող ադրբեջանցիները: Իրենց սիրելի Ադրբեջանն արդեն տնտեսապես այն չէ, և դժվար թե այնտեղ վերադառնան: Այդ հեռացողներից շատերը, անշուշտ, նաև պատերազմից են փախել` իրենց հետ տանելով հայատյացության խտացված քարոզը: Գերմանիան թարախապալարներից մեկը կտրել է ու համարում է, թե վարակը կանխեց` գուցե դեռևս չընկալելով, որ Երկիր մոլորակը մի ընդհանրական համակարգ է:

Մարդկությունն այդպես էլ չհասկացավ, որ ստի, կեղծիքի, ատելության քարոզի վրա հիմնված աշխարհում վարակից զերծ անկյուն չի մնում: Վարակը կկանխի միայն ճշմարտության ու սիրո (ավելի ճիշտ` հանդուրժողականության) հաստատումը: Բայց սա մի վարդապետություն է, որը նյութապաշտ աշխարհում մարդկանց ուղեղին դեռևս չի հասնում: