Ակն ընդ ակա՞ն

Մզկիթներում իրենց աղոթքներն անելուց հետո քանի՞ իսլամիստ է նյութել, ապա իրականացրել այլադավանների, հատկապես քրիստոնյաների մահն ու ահաբեկումը: Եվրոպան էլ, որ միջնադարում, երևի, մզկիթի երես չէր էլ տեսել, հիմա առատորեն ողողված է իսլամական հավատի տաճարներով:
 
Թե ո՞րն էր իսլամիստական ահաբեկչության ծագման պատճառը, թերևս մի քիչ վիճելի, ապաև շատ երկար քննելու հարց է: Բայց աշխարհի քրիստոնյաներն այսօր տեսնում են, որ իրենց քաղաքներում ապրող ու մզկիթներում աղոթող մահմեդականը ոչ միայն իրենց հանդեպ տարրական հարգանք չի դրսևորում, այլև առանց խտրականության զենք է բարձրացնում բոլորի վրա: Ո՞րը պետք է լինի նրա արձագանքը: 
 
Վերջին օրերին խոսվում է մզկիթներից դուրս եկող մահմեդականների վրա հարձակման կամ կրակոցներ արձակելու մասին. թվում է՝ սա մինչ այդ կատարվածի բնական պատասխանն է: Ճիշտ է՝ դա նույնքան դատապարտելի է, որքան իսլամիստների գործողությունները, սակայն երևի այն ծուխն է, որը բարձրացել է իրենց իսկ թեժացրած կրակից: 
 
Ցավալի է նաև, որ մզկիթից դուրս եկողներին վրաերթի ենթարկել փորձող Ֆրանսիայի քաղաքացին ազգությամբ հայ է: Լրատվամիջոցները հայտնում են, թե պարզվել է, որ 43-ամյա այդ հայը շիզոֆրենիայով է տառապում և այս պահին բժիշկների հսկողության տակ է: 
 
Ֆրանսիայի իշխանությունները ձերբակալել են նաև 21-ամյա մի երիտասարդի, ով, ինչպես պարզվել է, ահաբեկչություն է ծրագրել` տարված լինելով նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի կերպարով: Ի՞նչ իմանանք` գուցե այս երիտասարդի հոգեկան հավասարակշռությունը նույնպես խախտված է: Այն, ինչ կատարվում է աշխարհում ու մարդկանց ամնիջական շրջապատում, ում ասես` կարող է խելագարության հասցնել: Բայց այս երկուսը հենց իսլամիստ ահաբեկիչների ոճով են գործել, որը նաև վրեժխնդրություն կարելի է կոչել: 
 
Ամեն մեդալ երկու երես ունի, ահաբեկչութուն մեդալի մյուս երեսը մինչ այժմ միայն Անդերս Բրեյվիկն էր ցույց տվել: Սակայն երևում է` եկել է այդ երեսի «գործունեության» ժամանակը: Որևէ հայ մոռացե՞լ է ԽՍՀՄ վերջին տխրահռչակ ղեկավար Գորբաչովի նախազգուշացումը Արցախի անկախության հարցը բարձրացարած հայերիս, թե չե՞նք վախենում Ադրբեջանի տարածքում բնակվող հարյուրհազարավոր հայերի կյանքի համար: Ըստ էության՝ նա այդ հայերին պատանդ հայտարարեց ու ադրբեջանցի արյունարբուների ձեռքերն արձակեց՝ տասնամյակներով զսպված վայրի բնազդների հագուրդ տալու համար:   
 
Հիմա միլիոնավոր մահմեդականներ, ըստ էության, կարող են Եվրոպայում պատանդի կարգավիճակում հայտնվել, եթե իսլամիստ կոչվածները շարունակեն ահաբեկչությունների շարքը: Եթե ոչ՝ Ադրբեջանի նման պետական ծրագրերով ու միջոցներով, ապա թեկուզ Բրեյվիկի նման ինքնագործունեությամբ: