Ո՞վ կարող է Էրդողանին բան ասել

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդական հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Կիլիչդարօղլուից դիմում է ստացել՝ չեղյալ համարել ապրիլի 16-ին կայացած հանրաքվեի արդյունքները: Հիշեցնենք, որ այդ հանրաքվեն մեծացրել է Էրդողանի լիազորությունները՝ նրան պարուրելով սուլթանի հովերով: 
 
Ընդդիմադիր կուսակցության նախագահը շեշտը դրել է Ընտրական խորհրդի որոշման վրա, որի համաձայն առանց դրոշմակնիքների քվեաթերթիկները վավեր են ճանաչվել: Թուրքիայի Գերագույն դատարանը ընդդիմության հայցը մերժել է, որից հետո Կիլիչդարօղլուն դիմել է ՄԻԵԴ-ին: Նա կարծիք է հայտնել, թե Թուրքիան արագորեն վերածվել է միակուսակցական պետություն, իսկ գրեթե բոլոր պետական հաստատությունները դարձել են քաղաքական կուսակցության ճյուղերը (նախկին ԽՍՀՄ քաղաքացիների համար այնքան ծանոթ իրավիճակ ):
 
ՄԻԵԴ-ն այս գործը վարույթ կընդունի՞ արդյոք կամ ընդունելուց հետո ի՞նչ վճիռ կկայացնի: Միայն թե հավանական չի թվում, թե հանրաքվեն չեղյալ կհամարվի և նոր հանրաքվե կնշանակվի: Մանավանդ՝ արդեն ամիսներ են անցել: Եթե այդպիսի նախադեպեր լինեին, հայ ընդդիմադիրները, օրինակ, Եվրադատարանի դռներից չէին հեռանա: Բայց եթե նույնիսկ նման հավանականությունը հաստատվի, Էրդողանը կբավարավի ՄԻԵԴ-ի հասցեին մեղադրանքներ հնչեցնելով, իսկ բռնատիրության վերածվող Թուրքիան (ուրիշ Թուրքիա պատկերացնելն իսկ անհնար է) իր ճանապարհը կշարունակի: Մինչև որ վրա հասնի մեր մոլորակի վրա համընդհանուր արդարություն հաստատելու՝ այնքան անիրական թվացող ժամանակը: