Գուրուն` կյանքի ու մահվան սահմանագծին

ՅՈԳԱ` Ի ՈԳԻ=ՅՈԳԻ=ՀՈԳԻ

Աննախադեպ իրադարձություն է տեղի ունեցել Հնդկաստանում. դատարանը թույլատրել է չհուղարկավորել գուրուի մարմինը, որի հետևորդները պնդում են, թե 2014թ. կյանքից հեռացած հոգևոր ուսուցիչը պարզապես մեդիտացիայի մեջ է և կյանք է վերադառնալու: Սրտի կաթված ախտորոշմամբ մահացած տղամարդու մարմինը նրա աշակերտները մինչև օրս սառցախցիկում են պահում: 

«The Indian Express»-ի տեղեկություններով`  երեք տարի առաջ Աշուտոշ Մահարաջի մարմինը առաջին ատյանի դատարանի որոշմամբ պետք է դիակիզվեր, դա է պնդել նաև գուրուի ենթադրյալ որդի Դալիպ Կումարը: Երեկ, սակայն, Փենջաբ և Կարյանա նահանգների դատարանը կայացրել է վերը նշված վճիռը` պայմանով, որ մարմինը պետք է պարբերաբար բուժզննման ենթարկվի:

Թե սառցախցիկում մարմին պահելը որքանով է համապատասխանում կրիոնիկայի օրենքներին` մասնագետները կիմանան, սակայն հասարակ մահկանացուներն էլ գիտեն, որ սառեցնելու ճանապարհով կյանքի գործընթացները խիստ նվազեցնելով` մարդուն հետագայում կյանքի վերադարձնելն արդեն ֆանտաստիկա չի համարվում:

Գուցե թե աշխարհից կտրվելով` մտքերի մեջ մինչև վերջ խորասուզվելը նույնպես  կարող է կյանքի արտաքին նշաններն անտեսանելի դարձնել: Որոշ հետազոտողներ նույնիսկ խոսում են Կայլաս առեղծվածային լեռան ստորոտում Բուդդայի ու մի քանի այլոց մարմինների` խոր մեդիտացիայի մեջ կենդանի վիճակում անշարժ գտնվելու մասին. մի բան, որին հավատալու համար շատ մեծ երևակայություն պետք է ունենալ:

Ամեն դեպքում` նման վճիռ կարող էր կայացվել միայն Հնդկաստանում` մտավոր խորասուզման ու յոգայի (ի ոգի=յոգի=հոգի) ավանդույթների երկրում: Մենք գիտենք, որ բժիշկները որոշ նշաններից ելնելով` մարդու մահը հաստատում են, սակայն քիչ չեն եղել դեպքերը, երբ բժշկական թղթերով հանգուցյալ համարվող մարդը դագաղի մեջ հառնել է:

Գուրուի հետ կապված այս պատմությունը որոշ մարդկանց կարող է ծիծաղելի թվալ, բայց սա նաև մտորումներ է առաջացնում մահվան բնույթի վերաբերյալ, որի  առեղծվածը ո՛չ գիտությունն է կարողանում մինչև վերջ բացահայտել, ո՛չ էլ ամենատարբեր կրոններն ու հավատալիքները: