Սիրիական անվտանգության գոտիների երերուն հեռանկարը

Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան բանակցություններ են վարում Սիրիայում անվատանգության չորս գոտի ստեղծելու նպատակով: Սպասված համաձայնությունը, սակայն, չի կայացել, քանի որ Թուրքիան առարկություններ է ներկայացրել: Դիվանագետների խոսքերը փոխանցելով` «Ռոյթերս» գործալալությունը շեշտել է, որ բանակցող կողմերից երկուսը` Ռուսաստանն ու Իրանը, աջակցում են Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին, իսկ Թուրքիան` որոշ ապստամբ խմբերի:

Անվտանգության գոտիների շուրջ համաձայնության գալու` մինչև օգոստոսի վերջը նախատեսվող ժամկետը Թուրքիային քիչ է թվացել: Մինչդեռ տվյալ ժամկետը նպատակահարմար է, քանի որ համապատասխանում է Աստանայում շահագրգիռ երկրների պատվիրակությունների հերթական հանդիպմանը: 

Դիվանագետները նման համաձայնության չհասնելը Ռուսաստանի համար ձախողում են գնահատում, քանի որ տվյալ նախագծում գլխավոր դեր ունենալով` ՌԴ-ն փորձում է ինքը դառնալ Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմը կարգավորելու միջազգային ջանքերի նախաձեռնողը: Բանակցություններին մասնակցող Դամասկոսի պատվիրակության ղեկավար Բաշար ալ-Ջաֆարին էլ նշել է, որ թուրքական պատվիրակությունն ընդհանրապես հրաժարվել է ստորագրել որևէ փաստաթուղթ, որը վերաբերում է անվտանգության գոտիների շուրջ համաձայնագրի մեխանիզմների իրականացմանը:

Այսքանից երկու եզրակացություն կարելի է անել:

Մեկ` Ռուսաստանը այդպես էլ ոչ մի կերպ չի կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ Թուրքիան իր հետ բարեկամություն անելու ցանկություն չունի, իսկ օգուտներ քաղելու առիթը բաց չի թողնի:

Եվ երկու` «խաղաղություն» ու «Թուրքիա» բառերն անհամատեղելի են, հետևաբար` Թուրքիայի հետ խաղաղության վերաբերլյալ բանակցություններ վարելուն լուրջ վերաբերվելն ինքնախաբեություն է: