Բռնապետությունս ժողովրդավարությանդ վնաս չէ

Տասնամյակներ շարունակ Եվրամիության դռները թակող Թուրքիան դեպի եվրահամապատասխանություն ոչ մի քայլ չի արել, դրա համար էլ շեմից ներս չի անցել: Բայց կարծես վստահ է եղել, որ Եվրոպան առանց իրեն գոյատևել չի կարող: Ու հիմա էլ սահմանադրությամբ ընդհանրապես վերածվել է Եվրամիության չափանիշների հակապատկերին:
 
Ստրասբուրգում ընթացող Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանում բանաձև է ընդունվել, որով Եվրամիությանը կոչ է արվում անհապաղ դադարեցնել Թուրքիայի անդամակցության բանակցությունները: Պատճառը նոր սահմանադրության անհամապատասխանությունն է որոշակի չափանիշների:
 
Հիշեցնենք, որ Թուրքիայի ընդդիմադիր կուսակցություններից մեկի ղեկավարը ՄԻԵԴ է դիմել` հայցելով անվավեր ճանաչել սահմանադրական հանրաքվեի արդյունքները:
 
Քվեարկության արդյունքները բավականաչափ տպավորիչ են: Թուրքիայի անդամակցությանը, ասել է թե՝ այսօրվա Թուրքիային, դեմ է քվեարկել  477 եվրապատգամավոր, կողմ՝ ընդամենը 64-ը: Նրանք էլ, կասկած չկա, թուրք կամ ադրբեջանցի կլինեն, կամ էլ նրանց խավիարը ճաշակած գործիչներ: 
Մասնավորապես նշվել է, որ սահմանադրության ուղղումները չեն համապատասխանում իշխանությունների բաժանման հիմնարար սկզբունքներին, բավականաչափ կասեցումներ ու հակակշիռներ չեն պարունակում, նաև համարժեք չեն Կոպենհագենի չափանիշներին: Այն Էրդողանին սուլթան է կարգել, և ըստ էության Եվրախորհրդարանը դա է դրել իր բանաձևի հիմքում ու առաջարկել առանց դրանք փոփոխելու՝ Թուրքիային Եվրամիություն չընդունել: 
 
Ճիշտ է, սա ընդամենը հանձնարարական բնույթ ունի. հարցը վճռողը Եվրամիությունն է: Սակայն արդեն իսկ գնահատական է:
 
Բնականաբար՝ Թուրքիան այդ որոշումը գնահատել է որպես իր դեմ ուղղված քաղաքական քայլ և ամբարտավան իր արձագանքը չի ուշացրել: ԵՄ հարցերով նախարար Օմեր Չելիքն ի լուր աշխարհի արդեն ազդարարել է, որ որոշումն ստանալուն պես՝ Թուրքիան, առանց քննարկելու, հետ է ուղարկելու: