Կողոպուտ` ժանրի կանոններով

Մեր դարի անթվարկելի բազմաթիվ ու բազմապիսի հիվանդություններից մեկն էլ բանկերի, դրամարկղների կողոպուտն է` զինված հարձակման միջոցով: Սովորաբար նման «խիզախ» քայլի տղամարդիկ են դիմում` ապավինելով կոպիտ ուժին և զենքի զորությանը: Անցած դարում  սկսված ֆեմինիզմի քամիները, սակայն, մեր օրերում արդեն կանանց ևս կողոպտիչներ են դարձնում:

Այնպես որ` այլևս զարմանալի չէ, որ այս օրերին Լոս Անջելեսի «Chase» բանկի մասնաճյուղերից մեկը երկու կին են կողոպտել: Օրվա երկրորդ կեսին նրանք բանկ են ներխուժել, աշխատողներին ու հաճախորդներին հրամայել են պառկել հատակին, իսկ գանձապահից պահանջել են թղթադրամները պարկի մեջ լցնել:

Ամեն օր ցուցադրվող կինոնակարների օրինակով` կողոպտիչներից մեկը պարկն է պահել, մյուսը սպառնացել է ատրճանակով:  Սև ու սպիտակ մարզահագուստ և արևային ակնոցներ կրող կանայք` երկուսն էլ ժամանակին բռնությամբ Ամերիկա տեղափոխված աֆրիկացիների հետնորդներ, «արտասովոր դաժանությամբ» (ՀԴԲ-ի ներկայացուցիչների բնորոշմամբ, ինչպես փոխանցել է USA.one-ը) իրենց գործը կատարել են և հաջողությամբ հեռացել: Բնականաբար` նրանց որոնում են: Ուշագրավ է, որ տվյալ բանկի անունը անգլերենից թարգմանվում է որս, որսատեղ, նաև` հալածանք…

Ցավալին այն է, որ վերջին մեկ-երկու տարում նման կողոպուտներ Երևանում էլ են կատարվում: Մեկ լսում ենք` բանկոմատի սարք են պայթեցրել, մեկ` խանութի գանձարկղ են թալանել օրը ցերեկով: Վատ օրինակը իրոք վարակիչ է, իսկ վատ օրինակների վարակն ամեն օր տարածվում են հատկապես հեռուստացույցի ու համակարգչի էկրաններից: Դրանց համար պատասխանատուները, սակայն, այդ մասին մտածելու ժամանակ չունեն: