Ֆաշիստը հո միայն Մուսոլինին չէր

Ֆաշիզմի հայրենիք համարվող Իտալիայում ոստիկանները հայտնաբերել են մի ակումբ, որտեղ Բենիտո Մուսոլինիի երկրպագուները փորձում են նոր կյանք տալ 1922-1943թթ. այդ երկիրը ղեկավարած բռնապետի գաղափարներին: «Punta Canna» անունով հայտնի լողափնյա ակումբում Բենիտո Մուսոլինիի երկրպագուները կախել են իրենց կուռքի դիմանկարները, գազախցիկների վերաբերյալ պաստառներ, իրար էլ ողջունում են  ֆաշիստների նման ձեռքերը վեր պարզած:  
 
Ուշագրավ մի մանրամասն՝ այնտեղ թմրադեղերն արգելված են, սակայն այսպես կոչված ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) համայնքի ներկայացուցիչները ցանկալի հյուրեր են: Կես ժամը մեկ ակումբի սեփականատերը ռադիոյով ուղերձներ է հնչեցնում, որտեղ այպանում է ժողովրդավարությունը, փառաբանում մուսոլինյան բռնապետությունը: «Թելեգրաֆի» փոխանցմամբ՝ 64-ամյա սեփականատեր Ջիաննի Սկարպան կարող է պատասխանատվության կանչվել՝ ֆաշիզմն արդարացնելու համար: 
 
Այս ակումբից տարածվող քարոզների հակամարդկային բնույթը նկատել է հակաահաբեկչական ոստիկանությունը և փորձում է կանխել: Իսկ այն, որ տարբեր երկրներ կամ կազմավորումներ իրենց ամբողջ գործունեությունը կառուցում են այլատյացության ու բռնություններ սերմանելու հիմքի վրա՝ կարծես թե անտեսանելի է մնում: Հատկապես՝ եթե աշխարհը նրանցից ինչ-ինչ շահեր է ակնկալում: 
 
Օրինակ, Ադրբեջանից տարածվող հայատյացության բացահայտ քարոզն ու բռնությունները միջազգային հանրություն կոչված անդեմ ու անբովանդակ ամբոխի ականջին ոչ մի վտանգ չեն հուշում: Դե, ֆաշիզմի գաղափարախոսության հիմնադիրը իտալացի Մուսոլինին է: Դրա հետ ի՞նչ կապ ունի, ասենք, նրանից առաջ ցեղասպանություն իրականացրած Թուրքիան: Կամ, ի՜՞նչ կարիք կա թթու ասել թանին Ադրբեջանի, որը մեր օրերում իր մի քանի միլիոնանոց ժողովրդին կերակրում է չեղած արժանիքներով պարծենալու քարոզով, որպեսզի բորբոքի ատելության կրակը: 
 
Եվ ո՛չ միայն իր ժողովրդին: Միազգային հանրություն կոչվող ամբոխի մի ստվար զանգված ևս կլլում է այդ սնունդը, որովհետև գայթակղիչ է դրա փաթեթավորումը՝ խավիար և մամոնա: