Շվեդիայի կանաչներն՝ ընդդեմ Էրդողանի

Մոլորակի բնական պաշարներն ագահաբար մսխելով, շրջակա միջավայրն անխնա աղտոտելով ու վերափոխելով՝ մարդկությունը հասել է մի հանգրվանի, որ կարճ ժամանակ անց այնտեղ ապրելը գուցե անհնար դառնա՝ համապարփակ տաքացման պատճառով: Այս մտահոգությունը վաղուց է մարդկության ցավը դարձել, և փորձել են առանձին քայլերով իրավիճակը շտկել, սակայն միասնական համաձայնություն այդպես էլ չի կայացել:
 
2015թ. դեկտեմբերին վերջապես հաջողվել էր 194 երկրի ստորագրությամբ փոխհամաձայնություն վավերացնել և միասնական ծրագիր նախանշել:
Մեծ 20-յակի գագաթնաժողովին Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտատարեց, թե իրենց ստորագրությունը հետ են վերցնում` պատրվակ բերելով ԱՄՆ-ի դիրքորոշումը: Բազմաթիվ լրատվամիջոցներ դրանից հետո ահազանգ հնչեցրին, թե համաձայնագիրը փլուզվում է:
 
Գերմանական ԶԼՄ-ներն Էրդողանի հայտարարությունը մեկնաբանեցին որպես վրեժ կանցլեր Անգելա Մերկելից այն բանի համար, որ Գերմանիայի իշխանություններն իրեն թույլ չէին տվել հանդիպումներ ունենալ գերմանաբնակ թուրքերի հետ: Մեկնաբանություններ հնչեցին, թե Էրդողանի ցանկությունն էր, որ գագաթնաժողովը հարթ չանցնի, ինչն էլ առիթ դարձավ, որ Մերկելը «հերոս մնա»: 
 
Այս հայտարարությամբ փաստորեն Էրդողանը փորձեց մեկ ձեռքում փորձեց մի քանի ձմերուկ պահել. նախ Մերկելին անհարմարություններ պատճառել (գագաթնաժողովը տեղի էր ունենոմ գերմանական Համբուրգում), ապա աշխարհին ցույց տալ, որ մոլորակի գործերն առանց իրենց վճռել հնարավոր չէ: Հետն էլ գուցե հաջողեր՝ գրպանները նոր դրամական միջոցներով լցնել: Էրդողանն ուղղակի հայտարարել է՝ Թուրքիայի խորհրդարանը համաձայնագիրը չի վավերացնի այնքան ժամանակ, քանի դեռ ավելի զարգացած երկրները չեն կատարել զարգացող երկրներին ֆինանսական օգնություն ցուցաբերելու խոստումը:
 
Էրդողանը հիշեցրել է զարգացած երկրների խոստումը՝ մինչև 2020թ. զարգացող երկրներին 100 մլրդ դոլարի չափով օգնություն փոխանցել՝ ի նպաստ Երկրի եղանակային պայմանների անցանկալի փոփոխությունների դեմ պայքարի: 
 
Խորտակվող նավից իր համար համեղ պատառներ փրցնել ձգտող Թուրքիայի նախագահի դեմ ի՞նչ կարող է ձեռնարկել աշխարհը: Փորձը ցույց է տվել, որ նման երկրները լավ էլ մարսում են իրենց հակամարդկային արարքները, կարևորն այն է, որ որոշ ուժերի սիրելին լինեն: Բայց ահա Շվեդիայի խորհրդարանի հինգ պատգամավոր՝ Կանաչների կուսակցությունից, հայց են ներկայացրել Էրդողանի դեմ՝ նրան մեղադրելով մարդկության դեմ հանցագործությունների համար: Նշվել է երկրի հարավ-արևելքում քրդերի և թուրքերի միջև եղած հակամարտությունը: 
 
Շվեդիայի օրենսդրությունը դատավորներին թույլատրում է (2014թ.-ից) մարդկության դեմ ենթադրվող հանցագործությունների գործեր քննել՝ անկախ դրանց կատարման վայրից և իրականացնող անձանցից: Շվեդիայի դատախազությունն արդեն քննարկում է՝ քննություն սկսե՞լ, թե՞ ոչ: Սկսելու պարագայում կարող են Էրդողանին ընդհուպ մինչև կալանավորելու կարգադրագիր տալ: Իսկ օրենսդիրները հույս են հայտնել, որ եվրոպական մյուս երկրներն իրենց օրինակին կհետևեն:
 
Բնականաբար՝ շվեդական դատարանն Էրդողանին կալանավորելու հնարավորություն դժվար թե ունենա, և այս մեղադրանքն էլ կարծես թե վերը նշված համաձայնագրի հետ առնչություն չունի: Թերևս այստեղ կարևորն այն է, որ որոշ գործիչներ ոչ միայն նկատում են Էրդողանի հակամարդկային գործունեությունը, այլև փորձում են առաջն առնել: