Եթե ինձ հետ չես, ուրեմն ահաբեկիչ ես

Իր դեմ միջազգային պատժամիջոցները մեղմացվելուց հետո, Իրանը սկսել է տարածաշրջանում աշխույժ գործունեություն ծավալել, ինչն ԱՄՆ-ին բնավ դուր չի եկել: Ահա թե ինչու Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Մայք Պոմպեոն հարկ է համարել այդ մասին նախազգուշացնել:

- Իրանի Իսլամական Հանրապետությունը մնում է ահաբեկչությունը հովանավորող ամենախոշոր պետությունը,-ԿՀՎ կայքի փոխանցմամբ` հրավիրված համաժողովի ժամանակ ասել է նա: 

Նաև զգուշացրել է, թե Իրանի ազդեցությունն ու հզորությունը շարունակում են մեծանալ և կարծիք է հայտնել, որ ԻԻՀ-ն մտադիր է տարածաշրջանում գերակա դիրք գրավել:

Դրանից առաջ էլ ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Հերբերտ Մաքմասթերն էր հայտարարել, թե միջազգային հանրությունը պետք է Մերձավոր Արևելքում Իրանի գործողություններին հակազդելու համար «համակարգված ջանքեր» գործադրի:

Իրանը տարածաշրջանային ընդհանրություններ ունի ոչ միայն Մերձավոր Արևելքի, այլև Հայաստանի և Ադրաբեջանի հետ: Այդ երկրի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սաստկացող հակամարտությունն իրենց համար մտահոգիչ է: Նա նշել է, թե լարվածության մեծացումը չի բխում ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի շահերից  և հույս է հայտնել, որ այս տարածաշրջանում կվերականգնվեն խաղաղությունն ու կայունությունը: Նա նաև  նախազգուշացրել է թշնամական դավադրությունների մասին, որոնք միտված են բռնությունների հրահրմանը:

Ասել, թե այս պարագայում Իրանը որպես ահաբեկիչների հովանավոր է դրսևորվել` թերևս զրպարտություն կլինի: Որովհետև եթե ահաբեկիչ լիներ, պետք է որ ամեն կերպ հովանավորեր ու օգներ Ադրբեջանին: Թե ինչ փաստերի հիման վրա են նրան մերձավորարևելյան տարածաշրջանում ահաբեկիչ որակում` այդ էլ որակողները կիմանան:

Իհարկե, մեր խնդիրը Իրանի շահերի պաշտպանությունը չէ. Պաշտոնական Թեհրանն ինքը շատ լավ կարողանում է իրեն պաշտպանել: Ոչ էլ կարող ենք համոզված լինել, որ հազարամյակների մեր հարևանը, որը նաև մեզ հետ երկարամյա թշնամություն է ունեցել, պետք է անվերապահորեն մեր կողմը պահի: Պարզապես ծուռ հայելու շրջանակում դրված ճշմարտությունը անճանաչելիության չափ աղավաղում է իրականությունը, իսկ դրա վնասները կարող են կործանարար լինել:

Մեկ այլ շրջանակի մեջ էլ երևակվում է ուրիշ պատկեր, որը ահաբեկիչների հովանավոր է ներկայացնում նույն ԱՄՆ-ին… Բայց եթե ճշմարտությունը մնա «ծուռ հայելիների թագավորությունում» ու այդպես էլ չբացահայտվի, ո՞վ կարող է մոլորակի համար ապահով ապագա երաշխավորել: