Թուրքիան կուշտ է ադրբեջանցի ահաբեկիչներից

ԱՌԱՆՑ ԴՐԱՆՑ ԷԼ ՇԱՏ ԳԼԽԱՑԱՎԱՆՔ ՈՒՆԻ

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ Թուրքիայի հարաբերությունները, կարելի է ասել, շատ խորհրդավոր են: Մի կողմից խոսվում է, թե Թուրքիան ահաբեկիչներին հովանավորում է, թե տարանցիկ երկիր է, որտեղով ահաբեկիչները թարմ ուժեր ու անհրաժեշտ պաշարներ են ստանում (այդ թվում նաև ռազմամթերք), մյուս կողմից՝ նա բարձրագոչ հայտարարում է «Իսլամական պետության» դեմ պայքարի մասին: Այդ երկրի կառավարությունը հրապարակել է «Թուրքիայի պայքարն ընդդեմ «Իսլամական պետության» զեկույցը, որի որոշ կետեր հայերին շատ է հետաքրքրել: 
 
Թուրքիան մուտքի իրավունքից զրկել է ԻՊ-ի հետ կապեր ունենալու համար կասկածվող օտարերկրացիների, որոնց թվում Ադրբեջանի քաղաքացիների ցուցակն աչքի ընկնողներից է: Նաև բազմաթիվ մարդիկ են ձերբակալվում նույն մեղադրանքով, և դրանց թվում նույնպես շատ են ադրբեջանցիները: 
 
Ահաբեկչական գործողություններին մասնակցելու կասկածանքով Թուրքիայից 252 ադրբեջանցի է արտաքսվել, 1677-ն էլ զրկվել է այնտեղ մուտք գործելու հնարավորությունից: Արդեն հաճախակի են հնչում տեսակետներ, թե Ադրբեջանի և Թուրքիայի «եղբայրությունը» բնավ էլ ազգակցական ջերմ զգացմունքներից չի բխում, այլ գլխավորապես քաղաքական շահից: Իսկ քաղաքական շահերը, ինչպես ասում են, հաճախ են վեկտորները փոխում:
 
Աշխարհի ներողամիտ վերաբերմունքից երես առած Ադրբեջանը, երևի, «կուլիսներում» Թուրքիային հաճախ է համբերությունից հանում: Իսկ ԻՊ հետ ադրբեջանցիների կապն այնքան հոգեհարազատ է, որ հազարներով ներդրվում են այնտեղ, քանի որ ավելի հեշտ է «հերոսանալ» անպաշտպան խաղաղ բնակիչներ կոտորելով ու թալանելով:
 
Արդեն վաղուց մի բանի մասին էլ է խոսվում` ադրբեջանցի ԻՊ-ականները վերջիվերջո հետ են գալու Ադրբեջան: Իհարկե, կյանքն առանց թալանի ու մարդասպանության չպատկերոցնող այդ ուժերը գուցե մասամբ կփորձեն շփման գծում հագեցնել արյան ծարավը: Դա որոշ չափով դրսևորվեց 2016թ. ապրիլյան օրերին: Բայց ենթադրվում է, որ իրենց վայրագությունները կթափեն նաև նույն Ադրբեջանի խաղաղ բնակիչների գլխին: