Փրկագի՞ն, թե՞ պարտավորություն

Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը նրան դժվարին կացության մեջ է դրել: Ուրախ հարսանիքից ու շքեղ նվերներից հետո վրա է հասել ապահարզանի պահը, և այստեղ պարզվել է, որ ԵՄ-ից «ազատագրվելու» համար Մեծ Բրիտանիան հարկադրված կլինի միլիարդավոր դոլարներ վճարել:
 
Բրյուսելում տեղի ունեցած մամուլի ասուլիսում Եվրամիության կողմի պատվիրակության ղեկավար Միշել Բարնիեն նշել է, թե դեռևս պետք համաձայնության գան երեք գլխավոր հարցերում: Նախ՝ ԵՄ քաղաքացիներն ի՞նչ կարգավիճակ են ունենալու Մեծ Բրիտանիայում, այնուհետև այդ երկիրը պետք է ճանաչի իրեն ներկայացված բազամամիլիարդանոց ֆինանսական պահանջները, և վերջապես, պետք է հստակեցվի Հյուսիսային Իռլանդիայի հետագա ճակատագիրը: Ըստ էության՝ բանակցությունների համար այս երեք պահանջները նախապայման են, քանի որ Բարնիեն հայտարարել է, թե դրանք իրարից բաժանել հնարավոր չէ, և միայն դրանց շուրջ համաձայնության գալուց հետո է հնարավոր անցնել մյուս հարցերի քննարկմանը:
 
Այս բանակցություններում աչքի է զարնում այն հսկայածավալ ֆինանսական պարտավորությունը, որը ԵՄ-ն դնում է Մեծ Բրիտանիայի ուսերին: Դա բնորոշելու ամենահարմար բառ է թվում փրկագինը, թեև Բարնիեն հատուկ շեշտել է, որ այդ ֆինանսական պահանջները փրկագին չեն, այլ ԵՄ-ին անդամակցելիս Մեծ Բրիտանիայի ստանձնած պարտավորություններն են: 
 
Մինչև 100 մլրդ եվրոյի հասնող այդ պահանջները, սակայն, զայրացրել են Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնին: Օրերս նա վերստին մերժել է ԵՄ-ին և ասել, թե նման գումար պահանջելը պարզապես շանտաժ է: Հուլիսի  17-ին արդեն նախատեսվում է սկսել Եվրամիության և Մեծ Բրիտանիայի բանակցությունների առաջին փուլը: 
 
Անգլիայի արտգործնախարարը թերևս իրոք մեխին է խփել՝ նման ֆինանասական պահանջները նաև դաս են Եվրամիության անդամ մյուս երկրների համար, որպեսզի նրանք իրենց խելոք պահեն: Հիմա գուցե ամբողջ ուժով դեպի Եվրամիություն ձգտող որոշ երկրներ կսկսեն ծանրութեթև անել, թե որքանո՞վ է դա անհրաժեշտ, որքանո՞վ է նպատակահարմար: 
 
Ի դեպ, ֆինանսական պարտավորություններ նախատեսված են նաև ԵԱՏՄ երկրների համար, որին Հայաստանն էլ անդամակցում է, բայց ամեն օր պահանջներ են հնչում, թե դա մեր տեղը չէ: Ու հիմա հարց է ծագում՝ եթե վաղը, մյուս օրը անհրաժեշտություն առաջանա հեռանալ այդ միությունից, ի՞նչ գումարների պահանջ են ներկայացնելու մեզ: