Մեղավորին գտնելը կհեշտանա

ԵԹԵ ԳՈՆԵ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԴ ԳՈՐԾԻ ԴՆԵՍ

Միջազգային կառույցները, ելնելով քաղաքական նրբանկատության կեղծ գաղափարից, Արցախի և ՀՀ նկատմամբ Ադրբեջանի նախահարձակ գործողություններին հասցեական գնահատական չեն տալիս:
 
Եվրախորհրդարանի երկու պատգամավորներ, սակայն, հայտարարություն են տարածել, որտեղ անցյալի որոշ իրադարձություններով փորձել են աշխարհի հիշողությունը թարմացնել, իսկ Ադրբեջանին կոչ են արել իր երկրի բնակչությանը կենդանի վահան չդարձնել:
 
Լեհաստանից Մարեկ Յուրեկի և Կիպրոսից Կոստաս Մավրիդասի հայտարարության մեջ ասվում է. 
 
- 2017թ. Ադրբեջանի զինված ուժերը շփման գծում շարունակել են հրադադարի կարգը խախտել: Ադրբեջանը բնակելի տարածքում տեղադրել է բազմակողմանի հրթիռային համակարգ, ինչի հետևանքով նրա սեփական քաղաքացիները կենդանի վահան են դարձել:
 
Եվրապատգամավորները չեն մոռացել Ռամիլ Սաֆարովի անօրինակ հանցագործությունը, ապա Ադրբեջանում նրան հերոսացնելու փաստը, հիշեցրել են են անցած տարվա ապրիլյան ռազմական սրացումների ժամանակ Արցախի Թալիշ գյուղի բնակիչների նկատմամբ կատարված վայրագությունները, հայ զինվորների մարմիններն անարգելը, արցախցի 12-ամյա դպրոցականի զոհվելը: 
 
Ուշագրավ է նաև եվրապատգամավորներ Յուրեկի և Մավրիդասի հորդորը` ուղղված Ադրբեջանի իշխանություններին: 
 
- Մենք ցավում ենք երկու անմեղ զոհերի համար և ընդգծում, որ ինչպես այդ ողբերգությունից, այնպես էլ զինված ուժերի միջև մյուս բախումներից կարելի էր խուսափել, եթե Ադրբեջանը համաձայներ ներդնել հետաքննության անկախ մեխանիզմ, որպեսզի հստակեցվի, թե կողմերից որ մեկն է խախտում հրադադարի կարգը:  ԵԱՀԿ Մինսկի խումբը դա առաջարկել է մի քանի անգամ: Հայկական կողմը համաձայնել է ներդնել այդ մեխանիզմը: Ցավոք՝ պաշտոնական Ադրբեջանը շարունակում է այն մերժել,-նշված է հայտարարության մեջ:
 
Միայն մեկ բանում են վրիպել երկու եվրապատգամավորները՝ տրամաբանական եզրակացություն անել Ադրբեջանի հրաժարումից: Եթե հայկական կողմը համաձայն է վերահսկողության մեխանիզմներ տեղադրել, իսկ Ադրբեջանականը դրանից ամեն կերպ խույս է տալիս, մի՞թե պարզ չէ, թե ո՞վ է վախենում հանցանքի մեջ բռնվելուց:
 
Տրամաբանությունը աշխարհի քաղաքական գործընթացներում ըստ էության վերջին տեղում է: Մնում է հուսալ, որ դրա ժամանակը դեռ կգա: