Սոսկ զոհվածներին հաշվելով` ցավին դարման չես անի

Մարդու իրավունքների հարցերով սիրիական դիտորդական խումբը Լոնդոնից տվյալներ է հրապարակել այն մասին, թե քաղաքացիական պատերազմի ընթացքում Սիրիայում քանի մարդ է զոհվել: 6 տարում` 2011-17թթ., պատերազմական գործողությունների հետևանքով 331 765 անձ է զոհվել: Նրանցից գրեթե 100 000-ը քաղաքացիական անձինք են: 

Իրավապաշտպանները հաշվարկել են` բռնի մահվամբ կյանքին հրաժեշտ է տվել 99 617 խաղաղ բնակիչ, որոնց թվում 18 243-ը երեխաներ են: Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմնակիցներից զոհվել է 116 774 մարդ, այդ թվում` զինծառայողներ: Զոհվածներից 57 000-ը ապստամբներ են` ներառյալ սիրիական ընդդիմության և «Սիրիական ժողովրդավարական ուժեր» քրդական խմբավորումների դաշինքի անդամները: Սպանվել են նաև 58 000 ջիհադիստներ` մեծ մասամբ «Իսլամական պետություն» և «Ալ Քայիդա» խմբավորումների հետ կապ ունեցողներ:

Մարդու իրավունքների պաշտպանները, իհարկե, կարողանում են մեծագույն խնամքով կազմել ու սառնասրտորեն հրապարակել հակամարտությունների զոհերի վիճակագրությունը` ում կողմնակիցն է, ինչ հանգամանքներում է զոհվել, ինչ կարգավիճակ է ունեցել և այլն: Սակայն երբ բանը հասնում է աղետները կանխելուն, նրանք քարոզում են գաղափարներ, որոնք էլ ի վերջո հենց աղետների են հանգեցնում:  Արաբական գարնան կազմակերպիչները մի՞թե տարածաշրջանի բնակիչներին չէին շոյում գաղափարներով, թե իրենց իրավունքները ոտնահարվում են, ուստի պետք է ամեն գնով պաշտպանեն: Դե ահա և պաշտպանել են` Սիրիայում քաղաքացիական պատերազմ են սկսել ու ավելի քան 330 հազ. մարդու մահվան պատճառ դարձել:

Արևմտյան երկրները այնքան են խոսել ու քարոզել ժողովրդավարություն և մարդու իրավունքներ, որ ոչ միայն արժեզրկել են, այլև չարիքի աղբյուր դարձրել: Մինչդեռ իրենց հիմքում դրանք անշուշտ մարդասիրական, արդարացի գաղափարներ են: Սակայն, երբ դու միակ ընդունելին քո արդարացիությունն ես համարում, իսկ մնացածների մտածելակերպն ու գործելակերպը սխալ հայտարարում` առանց նույնիսկ թռուցիկ հայացով զննելու, ստանում ես այն, ինչ այսօր աշխարհում կատարվում է` պատերազմական օջախներ, ահաբեկչություն, անհանդուրժողականություն ու կեղծիք, այլասերում, կործանարար մոլություններ…