Ռուսները Թուրքիան գերադասում են Ղրիմից

Այս օրերին ամենատարածվածներից է զբոսաշրջային վիճակագրությունը: Այս տեսանկյունից Ղրիմում գրանցված պատկերը գրեթե հուսահատեցնող է` դրանով շահագրգռված անձանց և կազմակերպությունների համար: Այնտեղ, 2016թ. համեմատությամբ, 40% անկում է արձանագրվել: Դա են հաստատել նաև հյուրանոցների սեփականատերերը:

Որպես պատճառներ նշվում են անբարենպաստ եղանակները, բարձր գները, ինչպես նաև սպասարկման ցածր մակարդակը, որը Ղրիմի համար սովորական է համարվում:

Մի կարևոր գործոն ևս` ավիատոմսերը շատ թանկ են: «DW»-ն նշել է, թե այդ համապատկերին շահողը գլխավոր մրցակից Թուրքիան է:    
(Այս տվյալները, կասկած չկա, ուկրաինացիների սիրտը շոյել են: Նրանք երևի համարում են, որ այդտեղ դեր են խաղացել նաև իրենց պատժամիջոցները, այնտեղ այցելած մարդկանց մուտքն Ուկրաինա արգելելը և որ դա արդարացի պատիժ է Ուկրաինայից պոկված միավորի համար):

Իսկ ահա թուրքական «Հուրիեթի» հրապարակումը ուրախության պոռթկում է հիշեցնում:

- Ռուսական զբոսաշրջային բումը Թուրքիա է վերադարձել,-ուրախ ազդարարում է լրատվամիջոցը:

Ճիշտ է` ռուս զբոսաշրջիկների թիվը ընդամենը 1,4%-ով է ավելացել, սակայն դա էլ քիչ չէ, քանի որ միայն մայիսին Թուրքիա է այցելել 608 հազ. ռուս զբոսաշրջիկ: Միայն թե եվրոպացի զբոսաշրջիկներն են 20%-ով պակասել: Սրանից բացի` անկում են ապրել նաև հյուրանոցների գները: Այնպես որ` թուրք հյուրանոցատերերը նույնպես, ինչպես Ղրիմում (որտեղ շատ հյուրանոցատերեր երևի թաթարներ են), մեծ եկամուտներից են զրկվել:

Երևում է` եվրոպացիները գերադասում են հանգիստն այլ երկրներում անցկացնել` իրենց հաշիվ տալով, որ Թուրքիայում արտակարգ դրություն է (որը այս օրերին նորից երկարաձգվեց), որ այնտեղ գյուլենականի անվան տակ ում ասես կարող են ազատությունից զրկել: Իսկ ռուսները ոչ մի իրադարձությունից այդպես էլ դասեր չքաղեցին:

Քաղաքականությունից զերծ զբոսաշրջություն մեր մոլորակի վրա գրեթե չկա: Ասել, թե ռուս զբոսաշրջիկները մտածված կերպով Ղրիմը թուլացնում են, իսկ Թուրքիան հզորացնում, իհարկե, անհեթեթություն կլինի: Բայց եթե մարդն իր ունեցած գումարով լիարժեք հանգիստ վայելելու փոխարեն  միայն գրպաներն է դատարկելու`  ինչո՞ւ պետք է Ղրիմը նախընտրի: