Ընտրել են ու կրա՞կն ընկել

Ամերիկացիներին սկսել է հետապնդել պատերազմի ուրվականը: Նրանք շատ են վախենում, թե իրենց նոր նախագահը` Դոնալդ Թրամփը, իր նախագահության 4 տարվա ընթացքում կհասցնի երկիրը խոշորագույն պատերազմի մեջ ներգրավել:

Դա են հաստատել NBC News-ի հրապարակած հարցման արդյունքները: ԱՄՆ-ի բնակիչների 76%-ը, այսինքն չորսից երեքը, հավանական է համարում, որ զինված հակամարտություններ կծագեն:

Նաև պարզվել է, որ ԱՄՆ-ի բնակչության 41 տոկոսը Հյուսիսային Կորեան ավելի վտանգավոր է համարում, քան ԻՊ-ն ու Ռուսաստանը: Շատերն այն կարծիքին են, որ Հյուսիսային Կորեայից բխող վտանգն այս տարի ավելի է մեծացել:

Ամերիկացիները, իհարկե, երջանիկ են, որ վերջին հարկուրամյակում իրենց տարածքում պատերազմներ չեն եղել: Ճիշտ է` ամերիկացի զինվորները անընդհատ էլ մոլորակի որևէ անկյունում զինված պայքարի մեջ են, սակայն իրենց քաղաքներն ու գյուղերը, դաշտերն ու անտառները ահեղ ռմբակոծություններից չեն ավերվել, խաղաղ բնակչության շրջանում զանգվածային կորուստներ չեն եղել:

Իհարկե, արդիական զենքերի հեռահարությունը ԱՄՆ-ում նույնպես կարող է ավերածություններ գործել, սակայն ընդհանուր առմամբ պարզ է, որ ԱՄՆ տարածքում պատերազմ չի լինի: Այնդուհանդերձ` այդ պետության բնակչությունը մտահոգված է: Կես տարի առաջ նրանք վստահության քվե են տվել Թրամփին, ու հիմա, երևում է, դրա համար զղջում են:

Միայն թե ոչ ոք չի կարող ասել` եթե նախագահ դառնար մյուս թեկնածու Քլինթոնը, իրավիճակն ավելի բարվոք կլինե՞ր: Քիչ հավանական է, քանի որ նույնիսկ ԱՄՆ-ում քաղաքականությունը նախագահի անձից ու կուսակցական պատկանելությունից շատ քիչ է կախված: Գուցե սա պետք է սկսեն հասկանալ աշխարհի հզորները, որպեսզի պատերազմից զերծ մնան թե՛ իրենք, թե մնացած աշխարհը: