Գերմանիա-Թուրքիա հարաբերությունները մինչև ո՞ւր կգլորվեն

2015-ից ի վեր Գերմանիայի և Թուրքիայի հարաբերությունների վատթարացման մասին լրատվությունը գնալով ավելի մուգ երնագներ է ընդունում: Այժմ էլ հայտնի է դարձել, որ գերմանական բազմաթիվ ընկերություններ սառեցրել են Թուրքիայում իրենց ակտիվները: 
 
Գերմանիայի արտահանողների ասոցացիան (BGA) հայտարարություն է տարածել, որտեղ նշել է, թե այս պահին  որևէ ընկերության չի կարող խորհուրդ տալ  ներդրումներ կատարել Թուրքիայում։ Ակնկալվում է, որ արտահանումն զգալիորեն կնվազի, եթե իրականացվեն այն միջոցառումները, որոնք դիտարկում է Գերմանիայի կառավարությունը: Գերմանիայում հաշվակել են, որ դա իրենց երկրի արտաքին առևտրի համար լուրջ խնդիր չի դառնա: Պարզվում է՝  Թուրքիան միայն 15-րդ տեղն է զբաղեցնում այն երկրների ցանկում, որտեղ գերմանական ապրանքներն արտահանվում են. իսկ ներմուծողների թվում 16-րդն է։
 
Սրանից առաջ էլ Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբիրելն էր հայտարարել, որ Թուրքիան տասնյակ գերմանական ընկերությունների անհիմն կերպով ահաբեկիչներին աջակցելու մեղադրանք է ուղղել: Նախարարը կասկածի տակ էր դրել Թուրքիայում գերմանական ընկերությունների ներդրումների համար ապագայում  պետական երաշխիքներ տալը։
 
20-րդ դարի աշխարհամարտերում լիովին ջախջախված, ապա մեջքը շտկած ու այսօր աշխարհի հզորագույն երկրների շարքին դասվող Գերմանիան, երևում է, հետևություններ է արել նախկին ձախողումների իր դաշնակցի պահվածքից ու բնույթից: Մանավանդ՝ միլիոննների հասնող թուրքական համայնքն էլ իր հերթին է բարդացնում Գերմանիայի կյանքը:
 
Բոլոր դեպքերում՝ այժմ գերմանական կառավարությունը թուրքերի առնչությամբ  չի հանդուրժում այնպիսի բաներ, որոնց վրա առաջներում աչք էր փակում: