Ճողոպրել՝ թեկուզ կնոջ հանդերձով

Գրեթե ամբողջ աշխարհն ահաբեկչական գործողությունների թատերաբեմի վերածած իսլամիստները, սեփական անարժեք կաշին փրկելու նպատակով, չեն խորշում ծպտվել անգամ կնոջ զգեստների ներքո: Նման դեպք է արձանագրվել Իրաքում ԻՊ-ի գլխավոր հենակետ համարվող Մոսուլի անկումից հետո: «Դեյլի մեյլը» իր էջերում ներկայացրել է քաղաքից փախչող իսլամիստների պատմությունը. սրանք կնոջ նման շպարվել ու զգեստափոխվել են, սակայն բռնվել են: Չի բացառվում, որ նրանց «մատնել» է իրենց ուղեկիցներից մեկը, ով մոռացել է կամ ուղղակի չի հասցրել դեմքը սափրել: Գուցեև իր տղամարդկային արժանապատվությունն է ցանկացել դրանով փրկել… 
 
Կին ձևացող այս փախստականների լուսանկարները Իրաքի բանակն է հրապարակել: Այն փակ չադրաները, որոնք մուսուլման կանայք կրում են կրոնական ջերմեռանդությամբ, հիանալի թաքստոց են բոլոր տեսակի ահաբեկիչների համար՝ իրենց ամբողջ սպառազինությամբ հանդերձ: Այս դեպքն էլ ապացուցում է, որ ցանկացած չադրայի տակ կարող է ահաբեկիչ թաքնված լինել՝ կին, թե տղամարդ: Ի ցավ, իհարկե, մահմեդականությունն իրենց սրբությունը համարող բազմաթիվ կարգին մարդկանց:
 
Իսկ ի՞նչ կարելի է ասել այն 173 ահաբեկչ-մահապարտների մասին, որոնց ցուցակը Ինտերպոլն է հրապարակել:  Այնտեղ ներառված են ԻՊ ահաբեկչական խմբավորման այնպիսի անդամներ, որոնք հնարավոր է՝ նախապատրաստական աշխատանքներ են տարել Եվրոպայի տարածքում ահաբեկչություններ իրականացնելու համար: «Գարդիանը» հայտնել է, որ ցուցակում ներառված մարդիկ, ամենայն հավանականությամբ, սովորել են ինքնաշեն ռումբեր հավաքել ու դրանք տեղադրել՝ մարդկանց սպանելու և վնասվածքեր հասցնելու նպատակով: Ինտերպոլում, ըստ լրատվամիջոցի, տեղեկություններ չկան, որ այդ մարդիկ տվյալ պահին Եվրոպայում են գտնվում, սակայն եղած տվյալները հուշում են, թե ինչ մեծածավալ գործողություններ են նախատեսվում: Նշվում է, որ տվյալները հավաքելուն օգնել է ամերիկյան հետախուզությունը:
 
Այնպես որ, Եվրոպային ահաբեկչության նոր ալիք է սպառնում, եթե, իհարկե, տվյալ ցուցակի մարդկանց ժամանակին չբացահայտեն ու չվնասազերծեն՝ չխաբվելով արտաքին տեսքից ու բարեպաշտություն ցուցադրող հագուկապից: