Ստվարաթուղթը` ընդդեմ ականների

Ականապատված տարածքներն անվտանգ դարձնելը մեր մոլորակի կարևոր խնդիրներից է: Չմոռանանք, որ մինչև այսօր էլ մարդիկ են տուժում դեռևս երկրորդ աշխարհամարտի ժամանակ տեղադրված ականներից, մինչդեռ թշնամուն հավանական վնաս հասցնելու համար որոշակի տարածքներ պայթյունավտանգ գոտու վերածելը հիմա էլ պակաս հարմար  գործիք չէ: Վերջին հաշվով` այս խնդրին մենք էլ ենք անմիջականորեն առնչվում. մեր երկրում հսկայական տարածքներ ժամանակին ականապատվել են, և հարյուրավոր տուժողներ են եղել: Այժմ էլ Մերձավոր Արևելքում են ամեն օր նման տարածքներն ավելանում:

Ականազերծելու հնարավորություններ, իհարկե, մարդը ստեղծել է, բայց դրանք և՛ շատ վտանգավոր են, և՛ շատ ծախսատար: Այժմ մասնագետ սակրավորներին զուգահեռ` գործածվում են սակրավոր-ռոբոտներ, որոնք թեև մի քանի պայթյունի կարող են դիմանալ, սակայն բավական թանկ հաճույք են:

Խնդիր համար նոր լուծում են գտել ԱՄՆ-ում: Արիզոնայի նահանգի համալսարանի մշակողների թիմը ելքը համարել է ռոբոտներն էժանացնելը: Նրանք ստվարաթղթե ռոբոտ-սակրավորներ են մշակել, որի ուղեղը «Raspberry Pi Zero» համակարգիչն է (հաղորդել է Բի-Բի-Սի-ն): Այժմ ստվարաթղթե սակրավորները ընդամենը 65 դոլար արժեն, և դրանց շարքից դորս գալը նվազ կորուստ է:

Այսպես է, մարդը նախ մահաբեր զենքն է ստեղծում, ապա սկսում այն վնասազերծելու միջոցների վրա հսկայական գումարներ ծախսել: Օրինակ, նախ ռազմական զինանոցները լցնում են գրոհային ինքնաթիռներով, զենիթային համակարգերով, հետո հակաօդային պաշտպանության համար ոչ պակաս միջոցներ ներդնում: Իսկ աշխարհի բոլոր անկյուններում տարբեր զինատեսակներից վնասվող մարդկանց թիվը փոքրանալու միտում չունի:

Այսուհանդերձ, սակրավոր-ռոբոտների նոր սերունդը գուցե նպաստի, որ բազմաթիվ անմեղ մարդիկ խուսափեն պատահական մի ականի վրա մահացու քայլ դնելուց: