Եվրոպայի առաջիկա գլխացվանքը՝ Արևմտյան Բալկաններ

Եվրոպային ո՞ր հիմնախնդիրն է ամենից շատ մտահոգում, նրան ավելի շատ ի՞նչ է սպառնում: «Ուոլ սթրիթ ջըրնլ»-ի էջերում այս հարցին փորձել է պատասխանել ամերիկացի պրոֆեսոր, «American Interest» պարբերականի գլխավոր խմբագիր Ուոլտեր Ռասել Միդը: 
 
Նա նշել է, թե նոր ճգնաժամ է հասունանում Արևմտյան Բալկաններում՝ դատելով նրանից, թե ինչպես են Ռուսաստանն ու Թուրքիան կրակին յուղ ավելացնում: 
 
- Դեպքերի զարգացման վատագույն ընթացքն այն կլինի, որ Ռուսաստանն ու Թուրքիան աջակցեն համապատասխանաբար Սերբիային ու Ալբանիային՝ տարածաշրջանի սահմանները վերաձևելու նրանց ձգտումներում: Սերբական կառավարությունը կարող է ՌԴ օգնությամբ զավթել Բոսնիայի տարածքի զգալի մասը, որը սերբերով է բնակեցված: Թուրքիայի աջակցությունն էլ կարող է Ալբանիային դրդել համանման քայլի՝ ոչ միայն գերազանցապես ալբաններով բնակեցված Կոսովոյում, այլև Մակեդոնիայում, որտեղ ալբանական փոքրամասնության շատ ներկայացուցիչներ կցանկանային միավորվել հայրենիքի հետ,-պարզաբանում է հոդվածագիրը:
 
Ըստ Միդի՝ տարածաշրջանում փխրուն խաղաղությունը պահպանվում է շնորհիվ ԵՄ-ին Սերբիայի, Մակեդոնիայի, Կոսովոյի, Չեռնոգորիայի, Բոսնիայի անդամակցության հեռանկարի: Բալկանյան երկրներից յուրաքանչյուրը գերադասում է միանալ Եվրամիությանը, քան թե Ռուսաստանին կամ Թուրքիային: Մոտ ապագայում, սակայն, նման հեռանկար չկա, քանի որ Եվրամիությունն ինքն էլ բազմաթիվ խնդիրներ ունի. առաջին հերթին՝ Մեծ Բրիտանիայի դուրս գալը, որը նաև ֆինանսական խնդիրներ է առաջացրել: Իսկ եթե բալկանյան այդ հինգ անկայուն պետությունները ԵՄ անդամ դառնան՝ համաեվրոպական կառույցը պակաս կառավարելի կդառնա, իսկ նրանք կսկսեն ֆինանսական օգնություն ակնկալել: 
 
Այս ամենից հարգարժան պրոֆեսորը մեկ եզրակացություն է անում՝ դրությունը կարող է փրկել միայն ԱՄՆ-ը, որը չգիտես ինչու՝ հապաղում է: 
 
- Եվրոպացիները հաստատում են, որ ամերիկյան համեմատաբար փոքր ներկայությունը՝ գործուն դիվանագիտության և Կոսովոյում ԱՄՆ-ի ներկայության ուժեղացման տեսքով, կարող է մեծ արդյունքներ տալ,-համոզված է Միդը: 
 
Դե ինչ, երևում է՝ առանց ԱՄՆ-ի խաղաղությունը պատկերացնել հնարավոր չէ: