Ուկրաինան նշում է Հովհ. Այվազովսկու 200-ամյակը

Երևի պետք չէ զարմանալ, որ Ուկրաինայի ազգային բանկը աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու 200-ամյակի առթիվ հուշադրամ է թողարկել:
 
Իր պատմության հազարամյակների ընթացքում մի քանի տասնամյակ Ուկրաինայի վարչական տարածքում գտնվելով՝ Ղրիմն աշխարհի կողմից այսօր ընկալվում է որպես նրանից զավթված տարածք: Ուրեմն պետք է ենթադրել, որ այն նաև ուկրաինական մշակույթի անբեկանելի օրրան է: Այս իրողությունից ելնելով՝ այն ամենն, ինչ երբևէ Ղրիմում ստեղծվել է, նրանք, ովքեր այնտեղ գործունեություն են ծավալել՝ համաուկրաինական արժեքներ են:
 
Բանկի կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ մետաղադրամը թողարկվել է որպես «Ուկրաինայի ականավոր անհատները» շարքի նմուշ և շրջանառության մեջ է մտցվել 35 000 օրինակով: 
Ուշագրավն այն է, որ մեծ ծովանկարչի հայակական ծագումն այնտեղ չեն ուրացել: Դա արտահայտվել է հատկապես ուկրաինացի պատմաբան, զինանշանագետ Մաքսիմ Ցարենկոյի հետևյալ  խոսքում. 
 
- Մեծ նկարչի ծննդյան 200-ամյակին նվիրված հուշադրամի և նամականիշի թողարկումը համաշխարհային գեղանկարչության գանձարանում Իվան Այվազովսկու ավանդի պետական ճանաչման ակնհայտ վկայությունն է: Այն ընդգծված կերպով արտահայտում է հայկական ու ուկրաինական մշակույթների փոխադարձ հարստացման ֆենոմենը:
 
Այվազովսկու նման անհատի հոբելյանն այնպիսի երևույթ չէ, որ նրա հետ առնչություն ունեցող ու իրեն հարգող պետությունն անտեսի: Հայկական ընտանիքում մեծացած ու դաստիարակված և ռուսական հովանավորությամբ կրթված ու կայացած Հովհաննես Այվազովսկին կարող է փառքի գագաթ լինել ցանկացած երկրի համար: Ուրեմն ինչո՞ւ չպետք է Ուկրաինան դրանից օգտվի: 
 
Դեռևս խորհրդային տարիներին Թեոդոսիայում Այվազովսկու պատկերասրահ այցելողներին էքսկուրսավարը ասում էր, թե ծովանկարիչը ռուսական արվեստի ներկյացուցիչ լինելով՝ ուկրաինական ժողովրդի զավակն է: Իսկ ռուսները դա հանդուրժում էին՝ քար լռություն պարտադրելով Այվազովսկու հայկական առնչությունների վերաբերյալ: 
 
Մենք չգիտենք՝ Ուկրաինայի և ուկրաինական մշակույթի մասին ի՞նչ պատկերացումներ է ունեցել Այվազովսկին ինքը, բայց անժխտելի է, որ նա ծնվել, ապրել և կյանքից հեռացել է որպես հայ: Նրա համեստ տապանաքարին հավերժորեն դաջված հայատառ գրությունը ևս դա է ազդարարում: 
 
Ո՜վ գիտե, Այվազովսկու անմահ հիշատակն էլ այսօր կարող է կռվախնձոր դառնալ: 
 
Հայերիս համար ամեն ինչ պարզ է. մենք նույնիսկ չենք խոսում այն մասին, որ Ղրիմում հայկական մշակույթի հետքերն ավելի հին են, քան Ռուսաստանի և Ուկրաինայի միացյալ պատմությունն է: Իսկ այ՝ Ռուսաստանն ու Ուկրաինան, բացառված չէ, որ այստեղ նույնպես առճակատման դաշտ կմտնեն: