Մահմեդականների կեսից ավելին գրել-կարդալ չգիտի՞

Իսլամական աշխարհի կրթական խնդիրներին նվիրված հավաքի ժամանակ ուշագրավ վիճակագրություն է ներկայացրել Թուրքիայի նախագահ Էրդողանը: Նա հայտնել է, թե մահմեդականների 55%-ը գրել-կարդալ չգիտի: Մի քիչ դժվար է երևակայել, որ այդքան մեծ  տարածում ունեցող կրոնի հետևորդները նույնիսկ 21-րդ դարում տարրական գրագիտությունը կարևոր չեն համարում:

Էրդողանի ասելով` իսլամական երկրները կրթության վրա ծախսում են իրենց բյուջեների ընդամենը 1%-ը:

Սա իրոք որ զարմանալի վիճակագրություն է, սակայն չվստահելու հիմքեր չունենք: Եթե Էրդողանն ասել է, ուրեմն տվյալներ է ունեցել: Անգրագետ զանգվածներին կառավարելը, իհարկե, շատ ավելի հեշտ է, սակայն դժվար է երևակայել, թե այդքան մեծ թվով մարդիկ մեր մոլորակի վրա այսօր ոչ մի տեսակի կրթություն չեն ստանում:

Համարվում է, որ աշխարհում իսլամ է դավանում 1,3-1,9 մլրդ մարդ: Ուրեմն նրանց 55%-ը հսկայական թիվ է ստացվում: Փաստորեն` իսլամիստ ծայրահեղականները հենց այսպիսի միջավայրում են ծնունդ առնում ու ուղղորդվում:

Այստեղ ուշագրավ է նաև Էրդողանի մտահոգությունը: Նա, թերևս, հանձին այդ անգրագետ զանգվածների` պարարտ դաշտ է տեսնում ջիհադի գաղափարները տարածելու համար: Չմոռանանք, որ Թուրքիայի կրթության նախարարությունը մտադիր է դպրոցական ծրագրերում սահմանափակել բնական գիտությունները, փոխարենը դպրոցականների գլուխը լցնել ջիհադի քարոզով: