Քաղաքների օդը երբևէ կմաքրվի՞

Բնակավայրերի օդի աղտովածության դեմ պայքարի հեռանկարային նոր ծրագիր է մտածել Մեծ Բրիտանիան: Այնտեղ ծրագրում են 2040թ. սկսած` արգելել բենզինով կամ դիզվառելիքով աշխատող բոլոր նոր մեքենաների վաճառքը:

Սրանից առաջ Լոնդոնի քաղաքապետը առաջարկել էր հին մեքենա ունեցողներին 3,5 հազ. ֆունտ ստեռլինգ հատկացնել, որպեսզի նրանք ավելի նորատիպ մեքենաներ ձեռք բերեն, որի շնորհիվ քաղաքի օդի աղտոտվածությունը կնվազեր:

- Անմաքուր օդը Մեծ Բրիտանիայի բնակիչների համար բնապահպանական մեծ վտանգ է, ուստի կառավարությունը մտադիր է առավելագույն կարճ ժամկետում վճռական քայլեր ձեռնարկել,-կառավարության ներկայացուցչի խոսքն է փոխանցել «Թայմս»-ը:

Զարմանալի է այն, որ «առավելագույն կարճ ժամկետը» մինչև 2040թ. պետք է ձգվի: Իսկ որ այդ ընթացքում միլիոնավոր մարդիկ ապրելու են այրված գազերով հագեցած օդ շնչելով, ու դրա դեմ ոչինչ անել հնարավոր չէ:

Բնականաբար` այս խնդիրը բոլոր երկրներում է սրված: Ավտոմեքենա ձեռք բերելը համեմատաբար հեշտ է դարձել, և մարդիկ ամեն ինչից ավելի գերադասում են դրա հարմարավետությունը: Հենց միայն Երևանում հասարակական տրանսպորտից օգտվող գրեթե ամեն քաղաքացի երազում է սեփական ավտոմեքենա ունենալ, որպեսզի 13 հոգու համար նախատեսված միկրոավտոբուսում 20 հոգու ընկերակցությամբ չերթևեկի:

Մեր մոլորակի վրա որոշ ոլորտներ զարգացման աներևակայելի մակարդակի են հասել: Առաջին հերթին` ռազմական ու տեղեկատվական հնարավորությունները: Թվում է` քաղաքների օդն աղտոտումից զերծ պահող փոխադրամիջոցներ արտադրելն ու տարածելը ի՞նչ դժվար բան է որ: Մանավանդ` էլեկտրական շարժիչով մեքենաներ արդեն կան, սակայն նավթագազային շահերի օգտին ծառայելը ոմանց, իրոք, ձեռնտու է: Մինչդեռ թունավոր գազեր արտանետող ավտոմեքենաների քանակը միավոր մակերեսի վրա գնալով ավելի է խտանում: