Ո՞ւմ ձեռքերում է ծերուկ Եվրոպայի ապագան

Ժողովրդագրական դեմքը վերջին 20-30 տարում իսպառ փոխած Գերմանիայում մեծագույն խնդիր են դարձել իսլամիստ ծայրահեղականներին սատարելու համար հակամարտության թեժ գոտիներ գնացող, ապա այնտեղից վերադարձող իր քաղաքացիները: Քրեական ոստիկանության դաշնային գերատեսչության տվյալներով՝ Իրաքի և Սիրիայի ճգնաժամային գոտիներ ուղևորվող ջիհադիստների 1/3-ը վերադառնում է Գերմանիա: 
 
«Ֆոկուս» լրատվամիջոցը 16-ամյա Լինդայի ճակատագրին անդրադառնալով՝ նաև որոշ տվյալներ է հրապարակել: Այսպես, դեռևս անցած տարվա հունիսին Գերմանիա վերադարձած ջիհադիստների թիվը 274-ի է հասել: Ոստիկանությունն էլ տեղեկություններ ունի ևս 748 մարդու մասին, ովքեր գնացել են այդ վայրերում ծառայելու ջիհադի գաղափարին: Գործի քննությամբ զբաղվողները չեն կասկածում, որ նրանք, ովքեր վերադարձել են, երկրի անվտանգության համար մեծագույն սպառնալիք են ստեղծել: 
 
- Հնարավոր է, որ նրանցից շատերն արմատական հայացքների տեր են դարձել և մարտական գործողությունների փորձ ձեռք բերել՝ այդ բոլորն իրենց հետ Գերմանիա բերելով: Նրանք նաև կարող են Գերմանիայում ահաբեկչություն իրականացնել,-մտահոգություն են հայտնել իրավապահները:
 
Հոդվածագիրը նշել է, որ երբ Գերմանիայի իշխանությունները որևէ ջիհադիստի վերաբերյալ հաղորդում են ստանում, հետաքննություն են սկսում: Այժմ սրանք ձգտում են հասնել նրան, որ Իրաքի իշխանությունները Մոսուլում վերջերս ձերբակալված անչափահաս աղջկան հանձնեն Գերմանիայի համապատասխան մարմիններին: Որոշ տվյալներով՝ Լինդան նախապես Սիրիա, ապա Իրաք է ուղևորվել, որպեսզի այնտեղ ԻԼԻՊ-ի շարքերն ընդունվի: Իրաքում նրան մահապատիժ է սպառնում, իսկ Գերմանիայում՝ մի քանի տարվա ազատազրկում:  Այստեղ ջիհադիստին տված ամենախիստ պատիժը մինչև այժմ եղել է 11 տարվա ազատազրկումը, որը ստացել է մյունխենի բնկիչ Հարուն Մ-ն: Դատավճիռի չափը կախված է հանցագործության ապացույցների ծանրությունից, ամբաստանյալի տարիքից, քննություն իրականացնողների հետ համագործակցելու պատրաստակամությունից և այլն: 
 
Իսկ նրանք, ովքեր ապացույցների անբավարարության պատճառով կարողանում են գլուխներն ազատել, իսկական սպառնալիք են դառնում թե՛ հասարակության անվտանգության, թե՛ կանխարգելիչ աշխատանքների համար: Ոստիկանությունն ու հատուկ ծառայություններն ի վիճակի չեն այդպիսի անձանց անընդհատ վերահսկել: Ոչ էլ հնարավորություն կա նրանց ստիպել, որ մասնակցեն «ապաարմատականացման» դասընթացների: 
 
Անկասկած՝ այսպիսի անվերահսկելի իրավիճակում եվրոպական  շատ երկրներ են գտնվում: Ազատ խոսքի և մարդու իրավունքների գաղափարներով պետական կարգը կառուցելով՝ նրանք անտեսել են շատ այլ կարևոր բաներ, որոնք ձևավորում են անհատի գաղափարները, գործելակերպը, համակրանքներն ու հակակրանքները: 16-ամյա աղջիկը գլխապատառ նետվել է ջիհադ իրականացնելու: Ի՞նչ է նա հասկանում այդ խոսքի ներքո, ինչպե՞ս է այդ միտքը նրա համար սևեռուն գաղափար դարձել, ո՞ւմ օգնությամբ է Մոսուլ հասել…
 
Վերջապես, եթե իշխանությունները նրան Գերմանիա վերադարձնեն ու կյանքը փրկելով՝ ընդամենը մի քանի տարվա ազատազրկման դատապարտեն, կալանքից ազատվելուց հետո ի՞նչ ատելությամբ է իր կյանքը շարունակելու՝ թիրախավորելով նորանոր զոհերի: