Թուրքիան փորձում է վախեցնել Արևմուտքին

ՀԱՆՈՒՆ ՓՈՂԻ՝ ՎԱՃԱՌԵԼԻ Է ԱՄԵՆ ԻՆՉ

Բիզնեսը սահմաններ ու արժեքներ չունի: Ամենակուլ թղթադրամների համար կարելի է անգամ մերձավոր դաշնակցին ոչնչացնել ձգտող թշնամուն է՛լ ավելի զորացնել՝ նրան զենք վաճառելով ու հաճոյանալով: 
 
Խոսքը ռուս-թուրքական ռազմական համագործակցության  մասին է:
 
Ռուսաստանը և Թուրքիան ստորագրել են հակաօդային պաշտպանության C-400 համալիրների մատակարարման փաստաթղթեր: Զենք ու զինամթերքի տեսականուց գաղափար չունեցողներին հուշենք, որ C-400  համակարգով կարելի է աերոդինամիկական թիրախներ խոցել՝ 400 կիլոմետր հեռավորության վրա, ինչպես նաև՝ մինչև 60 կիլոմետր հեռավորությամբ բալիստիկ թիրախներ, որոնք վայրկյանում մինչև 4,8 կիլոմետր արագությամբ թռչում են մի քանի մետրից մինչև մի քանի տասնյակ կիլոմետր բարձրության վրա:
 
Թեև իր ալլահին փառք տալով՝ Էրդողանն ասել է, որ շուտով այդ զենքը կլինի Անկարայում, բայց Կրեմլը դեռ խորհրդավոր լռություն է պահպանում: Համենայնդեպս ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել  Անկարային զենքի վաճառքը: Մինչդեռ Թուրքիայի դաշնակից ՆԱՏՕ-ն անհանգստացել ու հաշիվ է պահանջել Անկարայից: Ինչի՞ համար է Թուրքիան գնել  ռուսական С-400-ը: 
 
Պենտագոնի ներկայացուցիչ Ջեֆ Դևիսն ասել է.
 
- Թուրքիան ՆԱՏՕ-ում մեր դաշնակիցն է: Ցանկացած դաշնակցի հետ մեր հարաբերությունների հիմնական սկզբունքն այն է, որ սպառազինության համատեղելիություն ենք ցանկանում: 
 
Իսկ ահա Թուրքիո նախագահ Էրդողանը ձևացրել է, թե զարմանում է՝ ինչո՞ւ են իրենից բացատրություն պահանջում: Նրա խոսքով՝ ցանկացած երկիր իր անվտանգության համար քայլեր է անում:
 
Իսկ թե ինչպիսին կլինեն այդ քայլերն ու դրանց հետևանքները՝ Վաշինգտոնը հորդորում է սպասել: Կտեսնենք՝ իրո՞ք Թուրքիան կկիրառի С-400 –ը, թե՞ այդ առևտուրը քարոզչական նպատակով է: Ու կարծես թե նախազգուշացման պես հնչող այդ «տեսնենքը» առարկայորեն դրսևորվում է՝ ՌԴ նկատմամբ Արևմուտքի նոր պատժամիջոցների տեսքով: Դե սա կարող ենք համարել «թեթև շոյիչ ապտակ» Մոսկվային՝ թեկուզ զենք-զինամթերք վաճառելու համար, իսկ  ահա ավելի ուժգինը  կախված կլինի Թուրքիայի քայլերից: 
 
Փորձենք հասկանալ, թե ինչո՞ւ է Անկարան այսպիսի քայլ անում: Ասել, թե գուցե եղբայր Ադրբեջանի համար է Ռուսաստանից զենք գնում՝ ճիշտ չի լինի, քանի որ Հայաստանի դաշնակից Մոսկվան բազմիցս հայտարարել է՝ Ադրբեջանին զինել, զինում ու էլի զինելու է, որովհետև դա իր համար եկամտաբեր բիզնես է: 
 
Ավելի հավանական է, որ Անկարան իր այս քայլով փորձում է վախեցնել Արևմուտքին, հասկացնել, որ եթե իր  պահանջներն այնտեղ չբավարարեն՝ կթեքվի դեպի Կրեմլ: Հիշենք, որ լարված են Թուրքիա-Գերմանիա հարաբերությունները: Բացի այդ, ամենայն հավանականությամբ այս կերպ նա սիրաշահում է Ռուսաստանին՝ առաջիկայում դրա դիմաց որոշակի ակնկալիք ունենալով:
 
Էրդողանը ցանկանում է թելադրող դառնալ նաև այլ պետություններում ու հարաբերություններում: Մասնավորապես, նորօրյա սուլթանը դժգոհել է ԱՄՆ-ի, Գերմանիայի վերաբերմունքից: Անկարայի ղեկավարը  քննադատում է Արևմուտքին, որ Թուրքիային չեն վերաբերվում որպես հավասարը հավասարին, որ իրենց ելույթ ունենալու հնարավորություն չեն տալիս: Զարմանալի է, որ Էրդողանը Գերմանիային և ԱՄՆ-ին հանդիմանում է, որ թուրք պաշտոնյաներին թույլ չեն տալիս թիկնազորով գնալ իրենց երկրներ, բայց իրենց երկրները լցված են ահաբեկիչներով: Ուրեմն՝ Ամերիկայում իր թիկնապահների սարքած ծեծուջարդը նա բարեկամական այց է համարում:
 
Իսկ նրան հակադարձող չկա՞. ի՛ր երկրում ովքե՞ր են լցված՝ ծայրահեղ ազգայնամոլներն ու հպատակները, որոնց կառավարելը դյուրին է: Իսկ ըմբոստ ու անհնազանդ թուրքերը  ողողել են Եվրոպան: Այսինքն, ձևավորվում է նոր Եվրոպա՝ ըմբոստ թուրքերով , իսկ Անկարան՝ հլու հպատակներով: