Երկու կետ ու մի կոր` մի ամբողջական փիլիսոփայություն

ՎԱՂՈՒՑ ՄՈՌԱՑՎԱԾ ՉՈՐՍՀԱԶԱՐԱՄՅԱ ՀԻՆԸ

Մարդիկ դեմքերին ժպիտ են նկարում ու դրանով արտահայտում իրենց ուրախությունը: Այդպիսի արևապատկեր ժպիտներով հագեցած են սոցիալական ցանցերը: Ու քանի որ սա անգլերենով է աշխարհով մեկ տարածվել, հայտնի է դարձել «սմայլիկ»` ժպիտ(իկ) անունով:

Պարզվում է, սակայն, որ դա բոլորովին էլ մեր ժամանակների հայտնագործություն չէ, այլ մնացած բոլոր նորությունների նման` «վաղուց մոռացված հինն է»:

3700 տարի առաջվա «սմայլիկի» պատկեր է բացահայտվել Հայակական լեռնաշխարհից պեղված մի կժի վրա: Թուրքիան, տեր դառնալով հնավայրերով հարուստ մեր հայրենիքի մեծ մասին, հիմա այնտեղ հնագիտական աշխույժ գործունեություն է ծավալել: Թուրք և իտալացի հնագետներն էլ Այնթափում` թուրք-սիրիական սահմանին, պեղումների ժամանակ այլ իրերի թվում գտել են  վերը նշված կուժը (թուրքական arkeolojihaber.net կայքի փոխանցմամբ): Պատկերն այնքան արդիական է, որ մարդ մտածում է` կեղծիք չէ՞ արդյոք…

Գիտնականները որոշել են, որ կուժը 3700 տարվա հնություն ունի և վերաբերում է խեթական պետության ժամանակաշրջանին: Պատմությունը պատվերով «նկարող» գիտնականները, իհարկե, ամեն կերպ փորձում են ապացուցել, որ խեթերը հայեր չեն, սակայն այսօր բազմաթիվ փաստեր հակառակն են ապացուցում: Մեր սփյուռքահայ գիտնականներից մեկը, օրինակ, Վարուժ Ներսիսյանը, ուսումնասիրություն է հրատարակել «Խեթերե՞ն, թե՞ հին հայերեն» վերնագրով, որտեղ այդ խնդրին է անդրադարձել:  Թուրքերի համար էլ, բնականաբար, ավելի հեշտ է իրենց վերահսկած տարածքում գտնված իրերը վերագրել պատմության ասպարեզից իբրև թե իսպառ վերացած խեթերին, քան թե հարևան պետության մշակույթին, որի պատմական հայրենիքի վրա այսօր իրենց համար պատմություն են մոգոնում: 

Եվ այսպես` կավե սափորի վրա դաջված ընդամեը երկու կետով ու մի կորով գրեթե չորսհազարամյա ժպիտը փաստում է, որ մարդիկ բոլոր դարերում կարևորել են իրար տրամադրություն բարձրացնելն ու հումորը: Այսօր այդպիսի պատկերները, այո, «սմայլիկ» են կոչվում: Առաջներում, ով իմանա, գուցե ժպիտ են կոչվել, գուցե խնդուք…