Թիլերսոնը բացահայտ հակամարտություն չի ուզում

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը երեկ լրագրողներին հավաստիացրել է, թե ԱՄՆ-ը ձգտում է Ռուսաստանի հետ ունեցած տարաձայնությունը հարթել՝ դրանք բացահայտ հակամարտության չհասցնելով: 
 
Այդուհանդերձ, Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները երկարաձգելուց հետո այդ երկրի պատասխան քայլերը Թրամփի վարչակազմն անհիմն է համարել: Մոսկվան սլաքն ուղղել է ամերիկյան դեսպանության կողմը՝ կրճատելով  ՌԴ-ում նրանց ներկայությունը և արգելելով օգտվել նրանց տրամադրված պահեստներից ու ամառանոցից:  
 
- Վերջին շաբաթվա հարցերի հարցը հետևյալն է` հարաբերությունները կվատթարանա՞ն, թե՞ մենք կարող ենք այդ հարաբերություններում կայունության ինչ-որ մակարդակի հասնել՝ շարունակելով համագործակցության ուղիներ որոնել մեր ընդհանուր շահերի հարցում: Իսկ մեր տարաձայնություններն այնպես վարել, որ դրանք բացահայտ հակամարտության չվերաճեն,-Թիլերսոնի խոսքերն է մեջբերել ռուսական «ՌԻԱ նովոստի»-ն: 
 
Ուշագրավ է, որ ԱՄՆ-ը մի կողմից անզիջում պատժամիջոցներ է կիրառում ՌԴ դեմ, մյուս կողմից փորձում է բոլորին համոզել, որ իրենից խաղաղասերը չկա: Ի դեպ` ԱՄՆ-ի այս նոր պատժամիջոցները Եվրամիության երկրներին բոլորովին դուր չեն եկել. նրանք բողոքում են, թե դրանից իրենք էլ են տուժելու: Զենքի դիմելու փոխարեն պատժամիջոցներ կիրառելը կարելի է նաև խաղաղասիրություն դիտել: Դրանք տարբեր երկրներին պարտադրում են ոտքը վերմակի չափով մեկնել: 
 
ԱՄՆ-ի դեմոկրատ սենատորներն էլ հանրապետական նախագահ Թրամփին կոչ են արել սահմանափակումներ կիրառել Չինաստանի նկատմամբ՝ արգելափակելով Նահանգներում այդ երկրի ներդրումները: Նպատակը «Հյուսիսային Կորեայի սպառնալից և ապակայունացնող պահվածքը» զսպելն է: Սա նշանակում է, որ արգելափակումից խուսափելու համար Չինաստանը պետք է իր հարևան Կորեային հարկադրի չսպանա՞լ Ամերիկային: Հիշեցնենք, որ ընդամենը մի քանի օր առաջ ԿԺԴՀ-ից սպառնացել էին, թե անխնա միջուկային հարվածներ կհասցնեն «Ամերիկայի սիրտին»:
 
Բնականաբար՝ տնտեսական պատժամիջոցները պատերազմական գործողություններից գերադասելի են, միայն թե... հենց դրա՛նք կարող են պատերազմի պատճառ դառնալ: Ըստ երևույթին՝ ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության ղեկավար Թիլերսոնը գուցե հենց դա է ցանկանում կանխել: