Ի՞նչն է պաշտպանելու մոլորակի պաշտպանը

Միջազգային կուլիսներում զրույցներ են ծավալվում, թե ամեն անգամ տիեզերք ուղևորվող տիեզերանավերն իրենց հետ տանում են նաև տվյալ երկրի հզոր զինատեսակները՝ ենթադրվող պատերազմի դեպքում ճակատամարտերը տիեզերական տարածություն տեղափոխելու կամ այնտեղից ցանկացած կետին հարվածելու համար: 
 
Եթե սա ճիշտ է, գուցե սրանով է բացատրվում, որ ՆԱՍԱ-ի նոր սպայի պարտականություններից մեկն էլ ՆԱՏՕ-ի տիեզերական առաքելության շրջանակում նոր ծրագրերի իրագործումն ապահովելն է…
 
Ամերիկայի Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը, այլ խոսքով՝ ՆԱՍԱ-ն, մոլորակի պաշտպանի հաստիք է առանձնացրել: Ամբողջովին ԱՄՆ-ի պետբյուջեից սնվող այս գործակալությունը, ըստ կանոնադրության, պատասխանատու է այդ երկրի քաղաքացիական տիեզերական ծրագրերի համար։ ՆԱՍԱ-ի կայքում տեղեկություն է հրապարակվել, որ նոր աշխատակիցը տարեկան 187 հազ. դոլար վարձատրություն կստանա մի աշխատանքի համար, որը ենթադրում է այլ մոլորակները պաշտպանել Երկրից ներթափանցվելիք կենսաբանական նյութերից, Երկիրն էլ պաշտպանել այլ մոլորակներից եկող նմանատիպ աղբից:
 
ՆԱՍԱ-ի նոր սպան պետք է լրիվ աշխատանքային դրույքով ներառվի մոլորակային պաշտպանության ղեկավարության կազմում և ՆԱՏՕ-ի տիեզերական առաքելության շրջանակում ապահովի նոր ծրագրերի իրագործումը: Խոսքը տիեզերական թռիչքների ընթացքում օրգանիզմների, նաև անօրգանական նյութերի՝ «կանխամտածված կամ ոչ կանխամտածված կերպով» տեղափոխման մասին է: Օրինակ, հնարավոր է, որ մոլորակի ուղեծրից դուրս հեռարձակված տիեզերանավը Երկիր վերադառնա՝ իր հետ ուսումնասիրության նպատակով բերելով ոչերկրային առարկաներ, նյութեր:  
 
Հաստիքն զբաղեցնելու արժանի է համարվել պետական հաստատությունում առնվազն մեկ տարի ղեկավար պաշտոն զբաղեցրած անձը, ով պետք է ծանոթ լինի մոլորակային պաշտպանությանը, ինժեներատիխնիկական բավարար փորձ ունենա և միշտ պատրաստ լինի ուղևորությունների:
 
Առաջին հայացքից նման հաստիքի առանձնացումը զավեշտական է թվում: Սակայն անելիքներ, հաստա՛տ, կգտնվեն: Օրինակ, խոսվում է, որ երկրի վրա կուտակված ռադիոակտիվ թափոնները կամ այլ տեսակի աղբը կարելի է տիեզերք տեղափոխել և դրանով մեր բնակավայր մոլորակը զերծ պահել բնապահպանական և տեխնածին աղետներից: Բայց հաշվարկե՞լ են արդյոք, թե որքանով են այդպիսի քայլերն արդարացված ու հեռահար վտանգներ պարունակող: 
 
Ինչևէ, տիեզերական դարաշրջանի ավելի քան կեսդարյա ընթացքից հետո դրա պատասխանատուները գիտակցել են, որ իրենց ուզածի նման տիեզերքի գործերին միջամտել չեն կարող: Եթե իհարկե, սրա նպատակը պարզապես մրցակից պետությունների տիեզերական թռիչքները վերահսկելը և սեփական շահը պաշտպանելը չէ: