Սեփական ստվերից վերթռածները

ՎԱԽ` ՎԵՐՆԱՇԱՊԻԿՆԵՐԻՑ

Կարսում թուրքական իշխանությունները ձերբակալել են մի ադրբեջանցու, որի վերնաշապիկին դաջված գրությունն իրենց դուր չի եկել: Թուրք իրավապահները տրամաբանական եզրակացությունների մի ամբողջ շարք են քննարկել, որպեսզի ի վերջո հանգեն այն մտքին, որ վերնաշապիկի HERO գրությունն առնչվում է Էրդողանի նախկին ջերմ բարեկամ և այժմյան երդվյալ թշնամի Ֆեթուլահ Գյուլենի հետ:

Իր մերձավոր բարեկամների պետություն այցելած խեղճ ադրբեջանցին ի՞նչ իմանար, որ Էրդողանի դեմ մահափորձի մասնակիցներից մեկը դատական լսումներին ներկա է եղել միևնույն գրությամբ մարզաշապիկով։ Թուրքերն այս հապավումը հետևյալ կերպ են վերծանել` Hoca Efendi Razi Olsun («Թող վարպետը գոհ լինի»): Հենց «վարպետ» բառն է այս գործի ամբողջ բանալին: Իրավապահների կարծիքով` այն ակնարկում է Ֆեթուլահ Գյուլենին։

Գործն ավարտվել է նրանով, որ ադրբեջանցուն Թուրքիայից արտաքսել են: Երևի երբ տուն է վերադարձել, ադրբեջանցի հերոսները նրան մխիթարել են իրենց պատմությամբ, թե ինչպես են Բաքվի հանրախանութներից մեկում առանց վերնաշապիկի թողել իրանցի զբոսաշրջիկին: Չէ՞ որ նա էլ տեղյակ չի եղել, որ սեփական ստվերից վախեցածների երկիր է գնում և անզգուշաբար «ARMENIA» գրությամբ վերնաշապիկ է հագել:

Ըստ երևույթին հենց ամերիկաբնակ Գյուլենի ստվերն է Թուրքիայի քաղաքացիներին այնքան վախեցրել, որ նրանց մեծ մասն ամենամեծ վտանգը տեսնում է Միացյալ Նահանգներից: Երևում է` մի քանի կազմակերպություններ միաժամանակ որոշել են պարզել, թե մոլորակի տարբեր հատվածներում ապրող մարդիկ ինչերից են ավելի շատ վախենում: Ամերիկյան PEW հետազոտական կենտրոնը պարզել է, որ Թուրքիայի բնակիչների ամենամեծ վախը Միացյալ Նահանգներն է: Ուսումնասիրության մեջ ներառված մնացած 36 երկրներում մեծագույն սպառնալիք են համարում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ու մոլորակի բնակլիմայական փոփոխությունները, Հունաստանում` տնտեսական ճգնաժամը: Եվ միայն Թուրքիան է աներկբա ցույց տվել, որ ամենաշատը Արևմուտքից է վախենում: Դե, «ԻՊ»-ից ինչո՞ւ պետք է վախենան: Թուրքերը երևի բնազդով կամ ունեցած տեղեկություններով զգում են, որ շունը շան թաթ չի կծի:

Բայց երևում է` վերնաշապիկների գրությունները նույնպես թուրքական վախերի առաջին հորիզանականներում են: Այդպիսի երկրներ մեկնող օտարերկրացիները լավ կանեն, որ սրա մասին տեղյակ լինեն, թե չէ կարող են փողոցի մեջտեղում առանց վերնաշապիկի մնալ կամ արտաքսվել: