Ահաբեկիչների գնդակոծությունը բարբարոսություն է, իսկ Ադրբեջանինը` ո՞չ

ԲՈՒՄԵՐԱՆԳԻ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ

Դամասկոսում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը երեկ ականանետային գրոհի է ենթարկվել ահաբեկչական խմբավորումների դիրքերից:

ՌԴ արտգործնախարարությունը  տեղեկացրել է, որ երկու լիցք դեսպանատան տարածքի վրա է ընկել, իսկ երկուսը պայթել է մոտակայում: Նշվել է, որ երջանիկ պատահականությամբ զոհեր չեն եղել. միայն աննշան նյութական վնաս է պատճառվել: 

- Վճռականապես դատապարտում ենք Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչության դեմ իրականացվող ահաբեկչական գործողությունները: Ցանկանում ենք մեկ անգամ ևս հիշեցնել, որ Ռուսաստանը բազմիցս ուշադրություն է հրավիրել, թե որքան բարբարոսաբար են ահաբեկիչները պարբերաբար գնդակոծում Դամասկոսի բնակելի թաղամասերը և Սիրիայի խիտ բնակեցված այլ քաղաքները,-ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

Ռուսաստանի արտաքին գերատեսչությունը նաև հույս է հայտնել, թե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում մի շարք արևմտյան երկրների իրենց գործընկերներն  այնքան բարոյակական վարք կդրսևորեն, որ «արժանի հրապարակային գնահատական կտան այս հանցավոր գործողությանը»: Ու նաև հաստատել են Սիրիայում ահաբեկիչների դեմ անզիջում պայքարը շարունակելու Ռուսաստանի սկզբունքային ու հետևողական քաղաքականությունը:

Լավ է, իհարե, որ Ռուսաստանը ոչ միայն սեփական դեսպանատան մասին է մտահոգվում, այլև դատապարտում է Դամասկոսի և Սիրիայի մյուս խիտ բնակեցված քաղաքների բնակելի թաղամասերի հրետակոծությունը, ուշադրություն հրավիրում ու ակնակալում, որ դրա դեմ միջոցներ կձեռնարկվեն:

Սակայն նրանց անկեղծությունը շատ կասկածելի է թվում, երբ հայացքներս ուղղում ենք հայ-ադրբեջանական սահմանին և մտաբերում, թե ինչպես է Ադրբեջանը հենց ռուսական զենքով պարբերաբար գնդակոծում հայկական բնակավայրերը, իսկ նույն ՌԴ ԱԳՆ-ն դա չնկատելու է տալիս:

Հայտնի փաստ է` ահաբեկիչների մեջ բազմաթիվ ադրբեջանցիներ են կռվում, Ադրբեջանից այնտեղ նաև զենք է հասնում: Այնպես որ` զարմանալի չի լինի, եթե պարզվի, որ հենց ռուսական զենքն է Դամասկոսի ռուսական դեսպանատունը վնասել, աշխատակիցներին էլ մի լավ վախեցրել:  

Բումերանգի սկզբունքը չէ՞: