Գործազրկությունը հաղթահարել գրչի մեկ հարվածով

ԲԱՏՅԱՆ ԳՏԵԼ Է ԲԱՆԱՁևԸ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գտել է գործազրկությունը վերացնելու բանաձևը: Մի խնդիր, որը աշխարհի չարիքն է արդեն քանի հարյուրամյակ, Լուկաշենկոն որոշել է վճռել, ինչպես ասում են, գրչի մի հարվածով: Նրա ղեկավարած երկրում, ըստ վիճակագրության, կես միլիոն չաշխատող կա:
 
Նրանցից 200 հազարին թոշակառուների, երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց շարքը դասելով՝ մնացած 300 հազարի վերաբերյալ նա «դատավճիռ» է կայացրել. 
 
- Մենք պետք է նրանց ստիպենք աշխատել: Սա է ամբողջ գաղափարախոսությունը:
 
Դեռևս 2015թ. Լուկաշենկոն ստորագրել է «Սոցիալական կախվածության նախագուշացման մասին» հրամանագիրը, ըստ որի՝ չաշխատող քաղաքացիները և երկրում մշտական ապրող արտասահմանցիները պետք  է ամեն տարի վճարեն 240 դոլարը գերազանցող գումարի հարկ, իսկ եթե ոչ՝ պիտի տուգանք վճարեն կամ 15 օրվա կալանք կրեն: 
 
Այդ ժամանակից Բելառուսի բնակիչները պարբերաբար բողոքի ցույցեր են անում, սակայն օրենքը գործի է դրվել, և պետության բյուջեն հարստացնում է: Մինչ այժմ 54 հազ. բնակչի վրա է ձրիակերության այս հարկը դրվել, որից էլ բյուջեն 16,3 մլն բելառուսական ռուբլու մուտք է ունեցել: Բայց չէ՞ որ երեխան էլ գիտի, որ 300 հազար հարկատուն ավելի շատ գումար կվճարի, քան 54 հազար ռուբլին է:    
 
«Ձրիակերության մասին» օրենքի դեմ բողոքողները անհեթեթություն են համարել հարկ վճարել նրա համար, որ աշխատանք չունեն: Նրանք չեն հասկանում, որ երբ ուրիշ երկրներ գործազուրկներին նպաստներ են նշանակում, Լուկաշենկոյի տեսանկյունից՝ պարզապես խրախուսում են ձրիակերությունը: Այ, եթե հարկ պահանջեին՝ աշխարհում հիմա գործազուրկ մարդ չէր լինի… Լուկաշենկոն չէ՞ որ մտածում է, թե գործազուրկ լինելու միակ պատճառն այն է, որ  տվայալ մարդը չի ցանկանում աշխատել:
 
Բելառուսի վիճակագրությունը փաստում է, որ շատերը ելքը համարում են այդ երկրից հեռանալը: Նրանք հարկից իրենց ազատելու խնդրանքով դիմում են համապատասխան հիմնարկներին՝ նշելով, թե արտասահման են տեղափոխվում: